կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-16 17:13
Քաղաքական

Տղամարդկություն ունեցեք` ասելու՝ դուք եք. Նաիրա Զոհրաբյան

Տղամարդկություն ունեցեք` ասելու՝ դուք եք. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս պահին այնքան էլ հետաքրքիր չէ, թե ով է քվեարկել վանաձորյան ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին: «Այս պահին կարևոր չէ, թե որ կուսակցության՝ ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, թե` «Լուսավոր Հայաստան»-ի անդամներն են քվեարկել Մամիկոն Ասլանյանի օգտին: Հիմա դիմում եմ նրանց՝ էդքան «տղամարդկություն» եք ունեցել, թաքուն, գողեգող գնացել, քվեարկել եք, ուրեմն՝ ունեցեք տղամարդկություն` կանգնելու ու ասելու` դուք եք եղել, լավ եք արել, ինչ եք արել, ձեր գործն է, որից հետո նոր ավագանին կսկսի աշխատել»,- ասաց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ մինչև այդ 4 անձի անունները չբացահայտվեն, ու պատասխանատվությունը չլղոզվի, Վանաձորի ավագանին չի աշխատելու:

«Ինձ ասում են՝ մտավախություն չունե՞ք, որ ԲՀԿ-ից կարող են լինել: Ասեմ, որ` ոչ, չունեմ, դա արդեն կլինի ԲՀԿ-ի խնդիրը»,- շարունակեց նա:

Պատգամավորը, անդրադառնալով «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ Վանաձորում հարցում անցկացնելու առաջարկին, նշեց, որ ցանկացած ելք քննարկելի է: Միևնույն ժամանակ ընդգծեց, որ առաջարկվածը ոչ թե ելք է, այլ` պատասխանատվության լղոզում:

«Մինչև այդ 4-ի բացահայտումը, կոալիցա կազմելը` նշանակում է, որ մենք այդպես էլ չենք իմանա՝ ովքեր էին այդ 4-ը, և կուսակցություններից յուրաքանչյուրի վրա խորհրդարանական ընտրությունների առաջ կմնա այդ խարանը: Դրա համար եմ ասում՝ եթե դուք տղամարդ եք, գնացել, թաքուն քվեարկել եք, ուրեմն՝ տղամարդկություն ունեցեք և ասեք, որ դուք եք եղել»,- շարունակեց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց նաև՝ Մամիկոն Ասլանյանը պետք է հրաժարական տա: «Ինձ համար արտառոց է, որ երբ քաղաքապետին հարցնում են, թե որքա՞ն պետք է շարունակվի այս իրավիճակը, նա ասում է՝ ինչքան դիմանա Վանաձորը: Այսինքն՝ թող Վանաձորը հրաժարական տա, ինքը չի տա»,- ասաց նա: