կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-02 18:57
Քաղաքական

«ԱԱԾ-ի տարածած տեսանյութը բացարձակ սուտ է». ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյան

«ԱԱԾ-ի տարածած տեսանյութը բացարձակ սուտ է». ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյան

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը քաղաքացիների կողմից կառավարության եւ ազգային ժողովի շենքեր ներխուժման փաստի առնչությամբ ԱԱԾ-ն այսօր հրապարակել էր հաղորդագրություն եւ տեսանյութ՝ այդ թվում իրազեկելով, որ ենթադրյալ ջարդարարություններին մասնակցել են նաեւ ՀՅԴ ներկայացուցիչները: Տեսանյութում ցուցադրվում է այդ թվում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանի լուսանկարը:

Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ Գերասիմ Վարդանյանն ասաց. «ԱԱԾ-ի տարածած տեսանյութը բացարձակ սուտ է եւ իրականության հետ աղերս չունի: Ինձ կալանավորելու հետ կապված երեք միջնորդություն է ներկայացվել դատարան, որոնք մերժվել են: Կա իրավական գործընթաց, որն իր բնականոն ընթացքի մեջ է, չեմ ուզում իրավական գործընթացի մանրամասների մեջ մտնել: Դատարանը կտա գնահատական, թե ովքեր ինչ չափով են մեղավոր եւ ինչ չափի պատասխանատվություն ունեն ԱԺ շենք կամ կառավարության շենք մտնելու առնչությամբ: Ես որեւէ առնչություն չունեմ այդ ամենի հետ, դա պատվեր է` Նիկոլ Փաշինյանի պատվերը, որով փորձում են վարկաբեկել ինձ եւ ինչ-որ առումով ինձ վարկաբեկելը կապեն կուսակցության անվան հետ: Լկտի սուտ է»:

Թե արդյոք Գերասիմ Վարդանյանը եղե՞լ է ԱԺ կամ կառավարության շենքերում կամ վարչապետի կեցավայրում, վերջինս նշեց. «Ես ոչ մի շենքում չեմ եղել: Որտեղ որ եղել եմ, հստակեցնելու հետ կապված իմ պաշտպանների կողմից դատարան է ներկայացվել տեսանյութ, մանրամասներ, բացատրություններ: Նյութերը դատարանում են: Կառավարության շենք եւ ԱԺ մտնելու տեսանյութերի հետ ես որեւէ առնչություն չունեմ»:


  Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ