Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը փաստեց, որ իրենք, ցավոք, համարժեք չեն իրականությանը. ձեւակերպումները եւ շեշտադրումները արհեստականորեն շեղելու փորձերը միայն կարող են բարդացնել իրենց իսկ վիճակը։ Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Բանաձեւ առաջին. Տարանջատում հանուն անձնական փրկության
Իմ քայլի պատգամավորներն այսուհետ ունեն մեկ անելիք՝դուրս գալ խմբակցությունից եւ ԲՀԿ, ԼՀԿ հետ խաղաղ հանդարտ աշխատանքային պայմաններում քննարկեն անելիքները։ Ուրիշ անելիք չկա։
Հակառակ պարագայում նրանց հաջորդ հայտարարությունը լինելու է Միլի Մեջլիսի կազմ մտնելու խնդրագիրը։
Բանաձեւ երկրորդ. Նոր բանակցող՝ նոր բանակցություններ
Հայաստանին առաջիկայում սպասում են բարդ բանակցություններ. սա որքան էլ լինի ցավոտ ու կապիտուլացիոն հրադադար, միեւնույն է՝ հրադադար է։ Խաղաղության մեծ պայմանագիրն ունենալու է բազմաթիվ դետալային կետեր եւ բազմաթիվ նուրբ հնարավորություններ՝ հայկական կողմի համար քիչ թե շատ իրավիճակը շտկելու համար։ Բայց դրա համար պետք է լինելու նոր բանակցող՝ այլ կալիբրի, այլ մտահորիզոնի եւ այլ ունակությունների։
Բանաձեւ երրորդ. Պայքարը ռուսների եւ խաղաղապահների դեմ չէ
Հանուն աթոռի՝ Փաշինյանն ամեն կերպ փորձ է անում խեղաթյուրել համազգային ընդվզման բովանդակությունը, դա պարզորոշ երեւում է «Իմ քայլի» հայտարարությունից։ Պայքարը, ընդվզումը Ռուսաստանի դեմ չէ, ռուս խաղաղապահների դեմ չէ։ Այս ազգային ընդվզումը Փաշինյանի՝ ժամ առաջ հրաժարականի համար է, անցումային իշխանություն ձեւավորելու, երկրում կրքերը հանդարտեցնելու եւ մի զգալի խումբ ծայրահեղ բարդ խնդիրները լուծելու համար է։ Խնդիրներ, որոնք ողջ ծավալով կանգնելու են մեր առաջ՝ հարցականի տակ դնելով պետականության գոյությունը։
Բանաձեւ չորրորդ. Իրավապահների միակ ֆունկցիան օրինականության ապահովումն է
Փաշինյանի հրահանգով սկսվել են ձերբակալություններ։ Իրավապահները չունեն որեւէ մոտիվացիա՝ ենթարկվելու անօրինական հրամանների։ Անօրինական ձերբակալությունները միայն եւ միայն ռադիկալացնելու են փողոցը եւ հանգեցնելու են ամենաանցանկալի պրոցեսների։ Բոլոր ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն, եւ իրավապահները, քաղաքական ուժերի հետ աշխատանքային խողովակներ ձեւավորելով, պետք է ապահովեն մեր երկրի ներքին անվտանգությունը։
Բանաձեւ հինգերորդ. Բացառել բռնությունը
Իշխանության ներկայացուցիչների, «Իմ քայլի» պատգամավորների նկատմամբ բացառել բռնությունը։ Դա որեւէ արդարացում չունի։ Այս խնդրի ապահովումը թե´ իրավապահների պարտականությունն է, թե´ քաղաքական ընդդիմության. սա պետք է լինի հանրային հստակ պահանջ։ Սա պահանջում է նաեւ «Իմ քայլի» եւ իշխանության ներկայացուցիչների ընդգծված լրջությունը եւ իրավիճակի համարժեք գնահատում։