Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել նպաստավոր հարկային միջավայր, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները ֆիզիկական անձանց մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները ներելու որոշում կայացնելու պարագայում լրացուցիչ հարկային հետևանքներ չկրեն: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
«Նախագծի նպատակն է ստեղծել հնարավորություն, որպեսզի առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպություններն առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց կարողանան ներել մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները»,-ասաց Պողոսյանը:
Նա նշեց, որ պետությունն, ըստ էության, իր վրա է վերցնում այդ բեռի մի մասը՝ ուղիղ խրախուսելով, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները գնան այդ քայլին, ներեն տույժերն ու տուգանքները: Փոխնախարարի խոսքով՝ կառավարությունը որոշել է նման նախաձեռնություն անել՝ հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում շատ ֆիզիկական անձինք դժվարություններ ունեն ներգրավված վարկերն անխափան սպասարկելու գործում:
Նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 98 կողմ ձայն:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանում և Արցախում գործում է ռազմական դրություն: