կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-03 18:08
Քաղաքական

Հակամարտության սրման համար Ադրբեջանի լիարժեք պատասխանատվության մասին հստակ ապացույց կա. Ալմագրո

Հակամարտության սրման համար Ադրբեջանի լիարժեք պատասխանատվության մասին հստակ ապացույց կա. Ալմագրո

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը վերջին 5 տարիներին ուշիուշով հետևել է Ադրբեջանի միակողմանի սպառազինության մրցավազքին, դա ԼՂ ուղղությամբ զինված վերջին ագրեսիայի նախապատրաստումն է եղել. հակամարտության սրման հարցում Ադրբեջանի լիարժեք պատասխանատվության վերաբերյալ հստակ ապացույց կա: Այս մասին հայտնել է Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն՝ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովին ուղղված նամակում:

Նա նախ նշել է, որ դեսպանին գրում է՝ ի պատասխան ԼՂ-ի վրա ռազմական հարձակումների վերաբերյալ Ամերիկյան պետությունների կազմակերպության հայտարարության արձագանքի:

«Վերջին 5 տարիների ընթացքում մենք ուշիուշով հետևում ենք ձեր երկրի միակողմանի սպառազինության մրցավազքին, դա խորը մտահոգության առիթ է, քանի որ այս սրումն անկասկած նախապատրաստումն էր՝ Ադրբեջանի կողմից ձեռնարկված այս զինված ագրեսիայի համար: Ագրեսիայի և հակամարտության սրման հարցում ձեր լիարժեք պատասխանատվության վերաբերյալ հստակ ապացույց կա: Ֆրանսիան հայտարարություն է արել՝ վկայելով, որ Թուրքիան ուղարկել է ISIS-ի հետ փոխկապակցված 300 իսմալիստների՝ հակամարտության մեջ միանալու ադրբեջանական զինված ուժերին»,-նշել է Ալմագրոն:

Նա նաև նկատել է, որ Միացյալ Նահանգների պետդեպը ևս հաստատել է Թուրքիայից հարյուրավոր սիրիացի վարձկանների ներկայությունը՝ Ադրբեջանին աջակցելու համար: Բացի այդ, Բրյուսելում վերջին հանդիպմանը եվրոպացի առաջնորդները դատապարտել են ցանկացած արտաքին միջամտություն: «Հակամարտությունում թուրքական օդուժի մասնակցության հետ կապված ապացույցը բացարձակ դատապարտելի է»,-նշել է Ալմագրոն:

Նա նկատել է, որ Հայաստանն արդեն արտահայտել է իր պատրաստակամությունը՝ ընդունելու բանակցությունները: «Հիմա միջազգային խաղաղության և կայունության նկատմամբ ձեր պատասխանատվությունն է՝ ընդունել նույնը»,-ասել է նա:

Ալմագրոն շեշտել է, որ այն հայտարարությունը, որին Ադրբեջանի դեսպանը հղում է անում նամակում, թողարկվել է Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարության կողմից, որն ինքը պատիվ ունի ղեկավարելու և որը խիստ դատապարտում է ռազմական ագրեսիան, հատկապես այն հարձակումները, որոնք ուղղված են խաղաղ բնակչության դեմ և կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները:

«Ինքնորոշման հիմնական ուղերձը՝ մի սկզբունք, որը դուք որոշել եք անտեսել,  հակամարտությունների խաղաղ կարգավորում՝ մեկ այլ սկզբունք, որը դուք որոշել եք անտեսել: Այն, ինչ ես համարում եմ անհամատեղելի ինքնորոշման և խաղաղության և կայունության սկզբունքների հետ, Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության դեմ վերջերս կատարված ռազմական հարձակումներն են և բանակցային գործընթացին միջամտող, սպառնացող օտարերկրյա փոփոխականները»,-գրել է նա:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվում են: «Ըստ ՀՀ կառավարության՝ խաղաղ բնակչության դեմ այս հանցավոր հարձակումներն իրականացրել է ձեր երկիրը ՝ թուրք ռազմական մասնագետների հետ միասին: Ինչպես մենք նշել էինք 2020-ի սեպտեմբերի 27-ին մեր հռչակագրում, որպես ռազմական թիրախ՝ քաղաքացիական անձանց վրա հարձակվելու պրակտիկան պետք է արգելվի, դա զինված հակամարտությունը կարգավորող հիմնական կանոնների լիակատար խախտում է»,-շեշտել է նա:

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած ռազմական ագրեսիային վերաբերող իր հայտարարությանը և կրկնում է բանակցային գործընթացը վերաակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ  Մինսկի խմբի շրջանակներում: «Կարծում ենք, որ այս հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցային գործընթացի միջոցով, որը հիմնված է միջազգային իրավունքի և Հելսինկյան համաձայնագրերում ամրագրված սկզբունքների վրա»,-ասել է Ալմագրոն ու  իր անկեղծ ցավակցությունը հայտնել երկու կողմերի զոհերի համար: