կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-25 17:48
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի» բողոքների քննությունը հետաձգվեց

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի, ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանի և ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված բողոքների քննությունը հետաձգվեց աշխատանքային ժամի ավարտի պատճառով։

Փաստաբան Գայանե Պապոյանը նշեց, որ նյութերին ծանոթ չլինելու հանգամանքում ներկայացված բողոքի արդյունավետ քննություն չի կարող տեղի ունենալ:

«Պարզ տրամաբանությունը հուշում է, որ, առանց ներկայացված նյութերի, բողոքին ծանոթանալու արդյունավետ քննարկում չի կարող տեղի ունենալ, բայց, հաշվի առնելով, որ նիստը 17:00-ին էր նշանակված, իսկ բողոքը բավականին ծավալուն է՝ 14 էջ, մենք այսօր կարող ենք ներկայացնել մեր բողոքի բովանդակությունը. ես առաջարկում եմ ներկայացնել բողոքի բովանդակությունը, իսկ քննարկումը շարունակել հաջորդ դատական նիստում, երբ նյութերը ստացված կլինեն դատարանի կողմից»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք՝ դեռևս հունիսի 30-ին «Հայրենիք»-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։ ՀՔԾ-ն, սակայն, մերժել էր քրեական գործի հարուցումը։

Հանցագործության մասին քաղաքական երեք ուժերի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժել էր նաև դատախազությունը, ինչին հաջորդել էր կուսակցությունների ներկայացուցիչների բողոքը առաջին ատյանի դատարան։

Հիշեցնում ենք, որ գործը վերաբերում է Սահմանադրության ապօրինի փոփոխության ընթացքում թույլ տրված բազմաթիվ հանցագործություններին։