կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-21 12:03
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ-ում ևս կան անձինք, որոնք պետք է լքեն ԱԱԾ շարքերը․ Քյարամյան

ԱԱԾ-ում ևս կան անձինք, որոնք բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն ԱԱԾ շարքերը, և այդ գործընթացը սկսվել է. ըստ Yerkir.am-ի` Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը։

«Ես ցանկանում եմ, որ իմ ասածը ճիշտ ընկալվի․ մարդիկ գալիս են, մարդիկ գնում են: Այստեղ որևէ արտառոց միտք փնտրել տեղին չէ»,- ասաց նա։

Քյարամյանը նշեց, որ ռուսական «Դոսյե» կենտրոնի կողմից հրապարակված զեկույցի հիման վրա ԱԱԾ-ն արդեն իսկ հետազոտություն է սկսել․ ««Դոսյեի» հրապարակածը ենթադրում է հանցագործության մասին հաղորդում, և ԱԱԾ-ն՝ որպես իրավապահ մարմին, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի։ Այս պահին դրա վերաբերյալ որևէ այլ բան ասել չեմ կարող»։

Արձագանքելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ իրեն ուղղված քննադատությանը, թե՝ Քյարամյանին նշանակելն արդեն իսկ ազգային անվտանգության սպառնալիք է, Արգիշտի Քյարամյանն ասաց․ «Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի ու վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսվել են»:

Հարցին՝ իսկ ինքը երաշխավորվա՞ծ է, որ իրեն չեն գաղտնալսի, բացասական պատասխան տվեց. «Այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացել են, և կան մարդիկ, կազմակերպություններ, որոնք ունեն այդ ֆինանսական հնարավորությունները, դրա համար այս պահին որևէ հարցում երաշխավորված լինելը իրատեսական չէ»:

«Ինչո՞ւ է ԱԱԾ-ն քննում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործը, ոչ թե՝ ՀՔԾ-ն» հարցին Արգիշտի Քյարամյանը պատասխանեց, որ դատախազությունն իրավասություն ունի ցանկացած քրեական գործ վերցնելու մեկ նախաքննական մարմնից և փոխանցելու այլ նախաքննական մարմնի։

«Այս հարցի վերաբերյալ ունենք նաև դատարանի որոշում. դատարանն օրինաչափ է համարել այն հանգամանքը, որ սույն քրեական գործը քննում է ԱԱԾ-ն: Այն հավելյալ ճնշման գործիք չէ»,- ասաց ԱԱԾ տնօրենը։

Մանրամասն՝ տեսանյութում: