կարևոր
2347 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-06 14:23
Քաղաքական

Կառավարությունն ամեն ինչ անում է, որ արցախցիները լքեն Հայաստանը

Կառավարությունն ամեն ինչ անում է, որ արցախցիները լքեն Հայաստանը

Կապույտ անձնագիրը, որը ունի ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքցի, ոչնչով չի տարբերվում Արցախի Հանրապետության քաղաքացիների ստացած կապույտ անձնագրերից։ Տարբերությունը մեկն է՝ տրված է Արցախում։ Սակայն Արցախում կապույտ անձնագիր ստացած քաղաքացիները ոչ թոշակ են կարողանում ստանալ, ոչ նպաստ, ոչ էլ աշխատանքի տեղավորվել, օրինակ, Ներքին գործերի նախարարությունում, կամ պետական այլ կառույցներում։

Միգրացիայի պետ Արմեն Ղազարյանը նշում է, որ արցախցիների կապույտ անձնագրերը ճանապարհորդական փաստաթղթեր են, դրանք չեն հավաստում քաղաքացիությունը։ Ստացվում է՝ Արցախից բռնի տեղահանված կապույտ անձնագիր ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է նորից ՀՀ քաղաքացի դառնան, որ կարողանան թոշակ ստանալ, կամ աշխատել պետական որոշ կառույցներում։

Արցախահայերը զարմանում են՝ եթե ՀՀ քաղաքացի են, ինչո՞ւ նորից դառնան քաղաքացի։

Արցախահայերը մտավախություն ունեն, որ փոխելով իրենց անձնագիրը և ստանալով նախորդից ոչնչով չտարբերվող նոր անձնագիրը, նրանք չեն կարողանա ապացոցել, որ Արցախում գույք ունեն թողած։

Միգրացիայի պետ Արմեն Ղազարյանը սակայն հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո արցախցիները կարող են դիմել միջազգային ատյաններ ունեցվածքի փոխհատուցման համար։

Կառավարությունն անգամ չունի հստակ թիվ, թե քանի արցախցի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու, կամ փախստականի կարգավիճակ ստանալու համար։ Փաշինյանը արցախցիներից խնդրում է համբերությամբ զինվել, գուցե ակնարկելով, որ ոչ թոշակ ու ոչ էլ նպաստ ստանալու հարցը դեռ երկար չեն լուծելու։ Փոխարենը շատ արագ լուծեցին Արցախի հանձնման հարցը։

Իշխանությունները կարծես արցախահայերին ուղություն են տալիս՝ վերցնել փախստականի կարգավիճակն ու հեռանալ հայրենիքից։ Կարճ ասած՝ նպաստում են արցախահայերի արագ արտագաղթին և դրան նպաստելու համար ջանք չեն խնայում։

Անի Նահապետյան