կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-03 11:56
Աշխարհ

ՉԺՀ-ն պահանջել է վերացնել ԱՄՆ-ում չինացի դիվանագետների աշխատանքի սահմանափակումները

ՉԺՀ-ն պահանջել է վերացնել ԱՄՆ-ում չինացի դիվանագետների աշխատանքի սահմանափակումները

Միացյալ Նահանգները պետք է չեղյալ հայտարարի երկրի տարածքում չինացի դիվանագետների գործունեության չհիմնավորված սահմանափակումները: Այդ մասին ասվում է Վաշինգտոնում ՉԺՀ դեսպանության՝ սեպտեմբերի 2-ին տարածած հայտարարության մեջ․ գրում է ՏԱՍՍ-ը:

«Փոխադարձության սկզբունքի պատրվակով ԱՄՆ-ը մտցրել է հերթական չհիմնավորված սահմանափակումները եւ խոչընդոտներ ստեղծել Չինաստանի դիվանագիտական ու հյուպատոսական անձնակազմի համար»,- նշվում է փաստաթղթում:

Դիվանագիտական ներկայացուցչությունում ընդգծել են, որ պետդեպարտամենտի գործողությունները «կոպտորեն ոտնահարում են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան եւ Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան, եւ Չինաստանը կտրականապես դեմ է դրան»:

«Դա նաեւ հակասում է ամերիկյան կողմի՝ բացահայտության եւ ազատության ինքնահռչակ արժեքներին: Չինաստանը միշտ օգնել եւ անհրաժեշտ աջակցություն է տրամադրել օտարերկյա, այդ թվում՝ ԱՄՆ դիվանագիտական եւ հյուպատոսական անձնակազմին Չինաստանում՝ իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման համար»,- նշել են դեսպանությունում:

Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ համալսարանական ավաններ այցելության եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների համար Չինաստանի դիվանագիտական աշխատողները պետք է հատուկ թույլտվություն ստանան պետդեպարտամենտից: Բացի դրանից՝ չինացի դիվանագետները հատուկ թույլտվություն պետք է ունենան դիվանագիտական հիմնարկությունների սահմաններից դուրս «50 մարդուց ավելի լսարանով մշակութային միջոցառումների» անցկացման համար»:

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս գործողությունները համարել Է «չափազանց մեծ սահմանափակումների ուղղակի պատասխանը», որոնք Պեկինը սահմանել Է ամերիկացի դիվանագետների համար: Ըստ որում, պետքարտուղարը հայտարարել է ՉԺՀ դիվանագիտների վերաբերյալ նոր պահանջներից հրաժարվելու պատրաստակամության մասին Պեկինի կողմից համանման գործողությունների դեպքում: