Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 27-ին Երևանի Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցու բակում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի մամուլի ասուլիսը: Բանախոսներն էին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը, Պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանը, Փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն, Գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը։ Ներկայացվեց փառատոնի այս տարվա սպասված համերգները. օգոստոսի 28-ին՝ Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգ, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70 ամյանկին նվիրված հոբելյանական համերգ, օգոստոսի 30-ին՝ Ջիվան Գասպարյան և ընկերներ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մամուլի ասուլիսի ժամանակ կարևորելով փառատոնի գոյությունն ընդգծեց․
«Ֆրեսկոն» ապացուցել է, որ կրոնական և աշխարհիկ աշխարհընկալումների միջև չկա հակասություն: Այս իմաստով, փառատոնը բացառիկ ձևաչափ ունի և ամենամյա ուղերձները չափազանց կարևոր են մեզ հիշեցնելու համար մի շարք կարևոր արժեքների մասին։ «Ֆրեսկոն» փոխել է նաև մշակույթի նկատմամբ մարդկանց աշխարհընկալումները»։
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանն էլ խոսելով Բերդ քաղաքում կայացած բացման արարողության մասին, նշեց, որ այն անցել է սպասվածի նման, ունեցել են բազմաթիվ դրական արձագանքներ:
«Օգոստոսի 27-ից մեկնարկելու է համերգային ծրագիրը: Լինելու են նաև ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ: Այս տարի ներկայացված էր 3 000 ֆիլմ՝ 85 երկրից: Փառատոնում ընդգրկվել է 63 ֆիլմ՝ 23 երկրից»,- մանրամասնեց Կարապետյանը, հավելելով․ «Ֆրեսկոն» աստիճանաբար մեծանում է և դառնում է ժողովրդական տոն:
Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանն էլ իր հերթին շեշտեց, որ ինչպես նախորդ տարիներին, 7-րդ փառատոնը նույնպես անց է կացվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ և օրհնությամբ:
Նշենք, որ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին սահմանամերձ գեղատեսիլ Բերդ քաղաքում՝ Բերդ պարային անսամբլի բացօթյա մենահամերգով։ Այնուհետև օգոստոսի 24-ին ֆիլմերի բացօթյա ցուցադրումով մեկնարկել է երևանյան ծրագիրը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը հենց Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Տեղեկացնենք, որ փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավել հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր):
Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ: Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ: «Ֆրեսկոն» իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման և վերահսկման կանոնների պահպանմամբ։