կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-14 20:16
Սփյուռք

Տոկա, մայրիների չքնաղ երկիր Լիբանա՛ն

Տոկա, մայրիների չքնաղ երկիր Լիբանա՛ն

Սիրելի Լիբանա՛ն, մայրիների չքնաղ երկիր, երախտապարտ հայ ժողովուրդը քեզ հետ սգում է քո նոր կորուստները, քո գրկում հանգրվանած իր զավակների կորուստները: Քեզ պատուսհասած նոր, սոսկալի ողբերգության պահին ցավ ի սիրտ՝ քո կողքին է, դարձյալ անելանելի, ծանր վիճակում հայտնված հայկական համայնքի կողքին՝ հավատով, որ Բեյրութը փյունիկի նման կհառնի մոխիրներից:

Գթասիրտ Լիբանա՛ն, Հայոց ցեղասպանությունից փրկվածների տառապյալ քարավաններին դու հարազատի պես օթևան տվեցիր, օգնեցիր ոտքի կանգնել, ուշքի գալ:  Նրանք չչվեցին հեռուներ, նրանք ցանկացան մնալ հայրենիքին մոտ՝ մի օր վերադառնալու մեծ հույսով ու երազանքով:

Հարազատ Լիբանա՛ն, դու հնարավորություն տվեցիր, որ քո երկրում աղետյալ հայերը, մանկություն չապրած որբերը վերահաստատեն իրենց կենսասեր գոյությունը,  իրենց ստեղծարար էությունը: Նրանք իրենց վրեժը լուծեցին ապրելով ու արարելով, լիբանանյան հողի վրա ծառ տնկելով, տուն կառուցելով ու զավակներ ունենալով, միաժամանակ ծաղկեցնելով ու զարգացնելով երկիրը:

Խելամիտ Լիբանա՛ն, դու թույլ տվեցիր նոր, փոքրիկ հայաստաններ կերտել քո հողում: Թույլ տվեցիր, չորացնելով քո ճահիճները, կառուցել մի նոր Մուսալեռ՝ արծվային Այնճարը՝ բացառիկ մի օրինակ աշխարհի բոլոր սփյուռքների պատմության մեջ և դրանով պարձար առավել պինդ:

 Բարի Լիբանա՛ն, դու համաձայնվեցիր, որ մի զիլ հայկական աշխարհ կերտվի քո աշխարհի մեջ, քո մայրաքաղաքում հայոց Սփյուռիքի մայրաքաղաքը կառուցվի,  միացյալ հայրենիքի մանրակերտը՝ իր հոգևոր կենտրոններով, կրթօջախներով, մշակութային ու բարեսիրական կառույցներով, ու դու դարձար առավել ժողովրդավար ու ազատ:

Հյուրընկալ Լիբանա՛ն, դու հնարավորություն ընձեռեցիր հային՝ դրսևորելու իր տաղանդն ու շնորհները, դառնալու քո երկրի նվիրյալ քաղաքացին, քո զավակը, մասնակցելու քո կառուցման, զարգացման գործին :

 Խորագետ Լիբանա՛ն, բարձր գնահատելով հայի տաղանդը, վերլուծական միտքն ու աշխատասիրությունը՝ դու նրանց պատվավոր տեղեր հատկացրիր քո գործադիր ու օրենսդիր իշխանություններում, կյանքի բոլոր ոլորտներում ու նաև, նրանց շնորհիվ առաջընթաց ապրեցիր: Ահա, թե ինչու լիբանանահայը սիրում է քեզ՝ Լիբանան, ինչպես իր հարազատի, համարում է քեզ իր երկրորդ հայրենիքը:

Տառապյալ Լիբանա՛ն,  քո հողում հրահրված երկարատև, եղբայրասպան քաղաքացիական երկու պատերազմներում խելամիտ հայկական համայնքը դրսևորեց քաղաքական դրական չեզոքություն, թեև տառապեց ու հարյուրավոր զոհեր տվեց, հազարավոր վիրավորներ ունեցավ, ռումբերի պայթյունների տակ վերապրեց Ցեղասպանության սարսափները ու տոկաց պայքարելով: Մղձզվանջից հետո ակտիվորեն մասնակցեց քո վերաշինությանը:  Այսօր էլ այս ողբերգական պահին հայ սերունդների մեջ է արթնանում պատմական հիշողությունը, արհավիրքի սարսափը:

Մեր հայրենակիցների հետ տոկա և այսօր, մայրիների երկիր Լիբանան, վերակերտիր այս սոսկալի պայթյունից ավերակների վերածված քո չքնաղ մայրաքաղաքը:  Բարեկամ հայ ժողովուրդը քո կողքին է, հավատում է, որ դու նորից կուղղես քո մեջքը, կվերականգնես Արևելքի գեղեցկուհի Բեյրութը և աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային մարտահրավերների, համավարակի  համատեքստում կցուցաբերես շրջահայացություն ու իմաստություն՝ հաղթահարելու տեղի ունեցած արհավիրքի հետևանքները:

Էվելինա Բաղդասարյան