կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-11 15:16
Առանց Կատեգորիա

Նախարարությունը չի հրապարակում քարտեզի վրա ծախսված գումարի չափը

Նախարարությունը չի հրապարակում քարտեզի վրա ծախսված գումարի չափը

Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անունով՝ խնդրելով ներկայացնել, թե պետական բյուջեից որքա՞ն դրամ է ծախսվել https://covid19-map.armed.am/ հասցեում ՀՀ առողջապահության նախարարության կողմից տեղադրված և 50 մետրի ճշտությամբ ինքնամեկուսացված քաղաքացիների հասցեները մատնանշող քարտեզի պատրաստման ամբողջական աշխատանքների համար:

 Ի պատասխան հարցման՝ նախարարությունից տեղեկացրել են, որ նշված քարտեզի պատրաստման աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնից գումար չի ծախսվել:

Իրականում մենք չէինք հարցրել՝ ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնից գումար ծախսվե՞լ է, թե՞ ոչ: Մենք հարցադրումը շատ պարզ էր՝ պետական բյուջեից որքա՞ն է ծախսվել: Նախարարությունից զլացել են պատասխանել, թե այդ դեպքում՝ պետական բյուջեի ո՞ր բաժնից է ծախսվել գումար և որքա՞ն։Այս հարցադրման պատասխանն ստանալու հույսով այս անգամ դիմեցինք կառավարության աշխատակազմին: Ցավոք, կառավարության աշխատակազմը մեր հարցումը վերահասցեագրել է կրկին առողջապահության նախարարությանը, որտեղից էլ, բնականաբար, ստացանք նախորդ պատասխանը մատնանշող և ոչ մի նոր տեղեկություն չպարունակող պատասխան:

Փորձելով կառավարությունից առավել համառ գտվել՝ կրկին դիմեցինք Արսեն Թորոսյանին: Այս անգամ, սակայն, այլ հարցադրմամբ, այն է՝ որքա՞ն դրամ է ծախսվել քարտեզի պատրաստման ամբողջական աշխատանքների համար և ի՞նչ գումարներով:Հարցադրման մեջ պետական բյուջեի մասին չհիշատակելով՝ հույս ունեինք, որ նախարարությունը գոնե  այս անգամչի խուսափի պատասխանից: Ցավոք, պնդաճակատության «մրցույթում» նախարարությունը հաղթեց. «պատասխանում»՝ հիշատակված էր նախորդ «պատասխանը»:

Ցավոք, այդպես էլ անհասկանալի մնաց՝ քարտեզի համար պետական բյուջեից որքա՞ն գումար է ծախսվել, և որքա՞ն է եղել դրա չափը:Պետական մարմինների կողմիցհիշյալ տեղեկությունը համառորեն գաղտնի պահելու իրողությունը լիարժեքորեն մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ շատերի համար ծիծաղաշարժ և համավարակի կանխմանը զրոյական օգուտ բերած այդ քարտեզի վրա պետական միջոցներից ծախսվել են, այս պարագայում, կարելի է ասել, անիմաստ վատնվել են ահռելի գումարներ, և այդ թիվն այնքան մեծ է, որ երեք իրար հաջորդող նամակներին ի պատասխան՝ առողջապահության նախարարությունը «երկու ոտքը դրեց մեկ կոշիկի մեջ» և ամեն գնով գաղտնի պահեց ծախսված միջոցների մասին տեղեկությունը:

Վ. Ս.