կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-23 21:08
Հասարակություն

ՔԿ նախագահի մոտ քննարկվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումների նախագիծը

ՔԿ նախագահի մոտ քննարկվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումների նախագիծը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի մոտ հուլիսի 23-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից մշակված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագիծը՝ ռազմական դրության իրավական ռեժիմի գործողության ընթացքում քրեական վարույթի առանձնահատկությունների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գործող օրենսդրությամբ նախատեսված է ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում իրականացվող հատուկ միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները, սակայն ռազմական դրության իրավական ռեժիմի գործողության ընթացքում քրեական վարույթին առնչվող հնարավոր առանձնահատկությունները որևէ կերպ չեն կարգավորվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:

Քննարկման ընթացքում կարևորվել է նմանօրինակ իրավակարգավորումների առկայության անհրաժեշտությունը, քանի որ ռազմական դրության պայմաններում իրականացվող վարույթի նկատմամբ չեն կարող ամբողջ ծավալով կիրառվել գործող քրեադատավարական ինստիտուտներն ու կանոնակարգումներն այն պատճառով, որ ռազմական դրությունն իրենից ներկայացնում է երկրում կամ դրա առանձին հատվածներում նախատեսվող հատուկ իրավական կանոնակարգ, որը ենթադրում է բնորոշ գծերի առկայությունը, այն է՝ զինվորական իշխանությունների լիազորությունների ընդլայնում, բնակչության նկատմամբ լրացուցիչ պարտականությունների սահմանում, որոշակի սահմանափակումների նախատեսում և այլն: Անդրադարձ է եղել նաև խնդրո առարկա իրավակարգավորումների վերաբերյալ միջազգային փորձին:

Քննարկման ընթացքում մանրամասն ներկայացվել են նախագծով առաջարկվող լրացումների արդիականությունը, նպատակները, հիմնախնդիրները: Նախագիծը ՀՀ քննչական կոմիտեում դրվել է ներքին շրջանառության մեջ, որի արդյունքում այն լրամշակվել է:

Նախագծով առաջարկվող դրույթները վերաբերում են ռազմական դրության պայմաններում իրականացվող վարույթի կարգին, ձերբակալման առանձնահատկություններին, առանձին քննչական գործողությունների կատարման առանձնահատկություններին՝ նախատեսելով դրանց կատարման և ամրագրման գործընթացների պարզեցմանը (դեֆորմալիզացիային), մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանափակումներին:

Խորհրդակցության արդյունքներով, հաշվի առնելով հնչած առաջարկությունները, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է լրամշակել նախագիծը և ներկայացնել շահագրգիռ մարմինների քննարկմանը: