Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսուհետ Վեդու համայնքապետարան մուտք գործողը ոտքից գլուխ ախտահանվելու է։
Երեկ համայնքապետարանում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հետ համագործակցության արդյունքում տեղադրվել է ախտահանիչ թունել, որն իր տեսակով առաջինն է Հայաստանում։ Ներկա էին Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանը, նախագծի հեղինակ, Վեդի քաղաքի «Արմաթ» լաբորատորիայի խմբավար Օրբել Խաչատրյանը, «Արմաթ» նախագծի մեթոդաբանության պատասխանատու Ավագ Սայանը, ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժ. պ. Արկադի Սահակյանը, հյուրեր։
«Այս ապարատները, որ կոչվում են ախտահանիչ թունելներ, կիրառվում են տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում։ Նախագծի գծագրերը կային վաղուց, սակայն այն իրագործելու, ապրանքային տեսքի բերելու համար անհրաժեշտ էր որոշակի ֆինանսավորում։ Մի օր նկատեցի, թե ինչպես է մեր համայնքապետը փողոցում մարդկանց դիմակ բաժանում ու անմիջապես հանդիպում խնդրեցի, որ միասին ձգտենք ավելին անելու մեր համայնքի համար։ Դրա ընթացքում ներկայացրի ապարատ պատրաստելու գաղափարը, ինչը մեծ ոգևորությամբ ընդունվեց։ Շուտով որոշվեց ֆինանսավորել առաջին նմուշի պատրաստումը՝ հենց համայնքապետարանի մուտքի մոտ տեղադրելու համար», - նշեց Օրբել Խաչատրյանը։
Նախագծի հեղինակը նշեց նաև, որ ապարատի ստեղծման ընթացքում կատարվել են որոշ էական ինովացիաներ։
«Թունելը պատրաստելիս փորձել ենք հնարավորինս պարզեցնել կառուցվածքն ու պատրաստման գործընթացը, որպեսզի արդյունքում ապարատի մանրամասները բաց կերպով տրամադրենք մեր «Արմաթ» համայնքին, որ երեխաները կարողանան մարզերում իրենց ուժերով պատրաստել այն։ Ֆինանսական տեսակյունից ևս սարքը բավականին մատչելի է։ Համավարակի առաջին իսկ օրվանից «Արմաթ» համայնքն ընդունել է մարտահրավերն ու մինչև վերջ փորձելու է աջակցել պայքարին», - հավելեց Օ. Խաչատրյանը։
Սարքի առաջին փորձարկմանը Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանը շատ կարևոր համարեց այս սարքի առկայությունը համայնքապետարանում և հույս հայտնեց, որ այն արդյունավետ կլինի ու համագործակցությունը «Արմաթ» համայնքի հետ շարունակական բնույթ կկրի։
ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Սահակյանն իր խոսքում նշեց, որ այս նախագիծը չափազանց կարևոր է, քանի որ երկրի համար նման բարդ իրավիճակում երեխաները սովորում են սոցիալական պատասխանատվություն կրել իրենց պետության ու հասարակության առաջ, փորձել հնարավորինս օգտակար լինել իրենց գործունեությամբ։ Նախորդ փորձը դիմավահանների արտադրությունն էր, որի մեկնարկից ի վեր աշխատանքները տարածվեցին ամբողջ համայնքով ու երկու հազարից ավել դիմավահաններ տրամադրվեցին բուժհաստատությունների ու ուժային կառույցների։
«Այժմ համոզված ենք, որ Վեդին կլինի առաջինը և նման ապարատներ շուտով կպատրաստվեն մեր տարբեր մարզերի «Արմաթ» համայնքի ներկայացուցիչների կողմից», - ամփոփեց Ա. Սահակյանը։