կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-10 14:06
Աշխարհ

Սահակաշվիլիի սկանդալային հայտարարության համար պատասխան է տալու Կիևը

Սահակաշվիլիի սկանդալային հայտարարության համար պատասխան է տալու Կիևը

Կիևը դարձյալ միջազգային սկանդալի կենտրոնում է Ուկրաինայի պաշտոնյա Միխեիլ Սահակաշվիլիի` Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության վերաբերյալ հայտարարության պատճառով. տեղեկացնում է yerkir.am-ը` fondsk.ru-ին հղումով:

Վրաստանի` քրեական հետախուզման մեջ գտնվող նախկին նախագահը, որը ներկայումս Ուկրաինայում  զբաղեցնում է Բարեփոխումների ազգային գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնը, սոցցանցերում  տեսաուղերձ է տարածել, որում Վրաստանի իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին մեղադրում է այն բանում, որ նա երկիրը վերադարձրել է 1990-ականներ, երբ քրեական տարրերի կամայականություններն էին տիրում: Վրաստանի գործող իշխանություններին Ուկրաինայի պաշտոնյան անվանել է ոչ լեգիտիմ` հավելելով, որ ներկայումս Վրաստանում կառավարություն չկա:

«Դա կառավարություն չէ, դա Վրաստանում «սանձարձակների» տիրապետություն է: Բարեկամնե՛ր, մենք կառավարություն չունենք: Ես համարում եմ, որ Վրաստանի կառավարությունն ամբողջությամբ ոչ լեգիտիմ է: Ես ոչ մի վայրկյան չեմ ճանաչում դրա օրինականությունը և ոչ մի վայրկյան չեմ ընդունում Վրաստանում գոյություն ունեցող իրավիճակի օրինականությունը: Դա ապօրինի իրավիճակ է: Անկախությունից հետո առաջին անգամ ԱՄՆ Կոնգրեսը մեր դեմ պատժամիջոցներ է կիրառում` որպես երկրի: Մենք մշտապես եղել ենք ԱՄՆ-ի օգնության հիմնական ստացողներից: Մենք եղել են օրինակելի երկիր, և հիմա Իվանիշվիլին  առհավետ հարված է հասցրել այդ համբավին, համենայն դեպս` այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ է»,- հայտարարել է Սահակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահի այս հայտարարությունը կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ Կոնգրեսը որոշել է 15 տոկոսով կրճատել Վրաստանին հատկացվելիք ֆինանսական օգնությունը:

Սահակաշվիլին կոչ է արել պայքարել Վրաստանի ներկայիս իշխանությունների դեմ և խոստացել է այդ պայքարում լինել վրացիների կողքին:

«Ես կլինեմ առաջնագծում և խոստանում եմ, որ ձեր ձեռքը բռնած կլինեմ հոկտեմբերին Իվանիշվիլիի պարտության և Վրաստանի հաղթանակի ճակատում: Այդ ապօրինությունը, ոչ լեգիտիմությունը պետք է վերջ ունենա: Նրանք Վրաստանի թշնամիներն են, դավաճաններ և, հետևաբար, վերահսկվում են օտար ուժի կողմից, կատարում են Մոսկվայի` Վրաստանի թուլացման, ոչնչացման, նրա համաշխարհային մեկուսացման պատվերը, և դա շատ շուտով կավարտվի: Մեր վճռական պայքարը մոտ է: Այդ պայքարում ես ձեզանից մեկն եմ, զինվորներից մեկը, ձեզ հետ ես կլինեմ հաղթողներից մեկը»,- հայտարարել է Սահակաշվիլին:

Թբիլիսին խոստացել է միջազգային մակարդակով արձագանքել Սահակաշվիլիի կասկածելի հայտարարություններին, այսինքն` պատասխանը տալու է Ուկրաինան:

«Ոչ ոք չի զարմացել Սահակաշվիլիի հերթական սկանդալային հայտարարությունից: Նա իր պետության առջև քաղաքական հանցագործ է և որոնվում է վրացական արդարադատության կողմից, սակայն դա մի մասն է, և հանրությունը դա լավ տեսնում է: Բայց երկրորդ` ուշադրության արժանի թեման այն է, որ նա ներկայացնում է Ուկրաինայի իշխանություններին: Նա Ուկրաինայի հանրային ծառայող է, հետևաբար, երբ ասում է, որ Վրաստանի կառավարությունը լեգիտիմ չէ, դա անարձագանք չի մնա: Դրա պատասխանը կտա Ուկրաինան, քանի որ ուկրաինացի պաշտոնյան միջամտում է  Վրաստանի ներքաղաքական հարցերին: Անշուշտ, պետությունը կարձագանքի դրան»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին: