կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-13 15:42
Քաղաքական

Երբեմն նման ձախողումներ լինում են. Գալուստ Սահակյանը` Լևոն Մարտիրոսյանի սկանդալային հայտարարության մասին

Երբեմն նման ձախողումներ լինում են. Գալուստ Սահակյանը` Լևոն Մարտիրոսյանի սկանդալային հայտարարության մասին

Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի աղմկահարույց հայտարարությունն այն մասին, թե «չի բացառվում, որ ինչ-որ ժամանակահատվածում, որպես կոմպրոմիսային տարբերակ, քննարկվի ԼՂ տարածքները Ադրբեջանին հանձնելու հարցը», նախ ասաց, որ ՀՀԿ-ն նման տեսակետ չունի, և ըստ երևույթին` այդ արձանագրումն իրականացվել է լրագրողական տեխնոլոգիայի արդյունքում: 

«Խորհրդարանն այն տեղն է, որտեղ շատ լրագրողներ կան  և փորձում են այս կամ այն պատգամավորից ինչ-որ մի բան քաղել, երբեմն այդպիսի ձախողումներ լինում են: Ես չեմ կարծում, որ Լևոն Մարտիրոսյանը հենց այդ տեսակետն ունի, և երբ նրա այդ հարցազրույցը լսեցի, նա ասում է. «Տեղյակ չեմ, տեղյակ չեմ»: Իսկ ես ավելի շատ եմ տեղյակ»,- ասաց ԱԺ նախագահը` հավելելով, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան այցի ժամանակ ևս արձանագրեց, որ ԼՂ հարցի բանակցային գործընթացում որևէ փոփոխություն չկա, և որ, ըստ ԵԱՀԿ համանախագահների տեսակետի, այս տարվա վերջում կանխատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում:

 «Այսօր բանակցային սեղանին չկա այլ փաստաթուղթ, քան մադրիդյան սկզբունքներն են: Այնպես որ` կարծում եմ` նման մտքերը նախ չպետք է արտահայտվեն, որովհետև նման տեսակետները, կարծես, մեր ժողովրդին անմիջապես զայրացնում են, բայց, միևնույն ժամանակ, ճանաչելով Լևոն Մարտիրոսյանին, չեմ կարծում, որ նրա մտքով երբևէ կանցնի, որ Ղարաբաղի որևէ տարածք հենց այնպես կհանձնվի Ադրբեջանին»,- ասաց Գալուստ Սահակյանը` ևս մեկ անգամ հավելելով, որ նման տարբերակ չկա և չի կարող քննարկվել:

 «Երբեք ու երբեք նման մտքեր չեն կարող լինել, որովհետև Հանրապետական կուսակցությունը ստեղծվել է Ղարաբաղյան պատերազմի հենքով, և մեր կուսակցության միակ սկզբունքային հարցը Ղարաբաղի հարցն է, այսինքն` մենք` որպես քաղաքական ուժ, մեր կարևորագույն գաղափարախոսությունը վերաբերում է Ղարաբաղին: Որևէ հանրապետական գործիչ երբևիցե  հող հանձնելու մասին չի կարող խոսել: Պարզապես եթե խաղաղ բանակցային պրոցես է, սովորաբար դրա հիմքում ընկած են փոխզիջումներ, իսկ թե ի՞նչ փոխզիջումներ կլինեն, նախևառաջ` Ադրբեջանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, Ղարաբաղն էլ պետք է մաս դառնա այդ բանակցություններին»,- ասաց Գալուստ Սահակյանը: