կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-13 17:23
Քաղաքական

Ողբերգություն չեմ տեսնում. Լևոն Մարտիրոսյանը՝ տարածքներ հանձնելու վերաբերյալ սկանդալային հայտարարության մասին

Ողբերգություն չեմ տեսնում. Լևոն Մարտիրոսյանը՝ տարածքներ հանձնելու վերաբերյալ սկանդալային հայտարարության մասին

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, մեկնաբանելով իր`Առաջին լրատվականին տված հարցազրույցում արած հայտարարությունը, թե չի ժխտում, որ ԼՂՀ ազատագրված որոշ տարածքներ կհանձնվեն Ադրբեջանին, շեշտեց, որ ինքը չի ասել` ես չեմ ժխտում, ասել է` մենք չենք ժխտում:

«Մենք, այսինքն` Հայաստանը: Մեծ է տարբերությունը: Սա մեկ: Փոխզիջումային տարբերակները միշտ էլ քննարկվել են, և մենք երբևէ չենք ժխտել, որ փոխզիջումային տարբերակով ցանկություն ունենք լուծելու հարցը: Այլ հարց է` Ադրբեջանն այդպիսի ցանկություն ունի՞, և ի՞նչ է ենթադրելու փոխզիջումը: Եվ ամենակարևորը` ես հարցազրույցում պատասխանել եմ մի հարցի, որը վերաբերում էր ռուսական թերթերից մեկում տեղ գտած հրապարակմանը: Այսինքն` ռուսական թերթը բան է գրել, և ինձ խնդրել էին մեկնաբանել»,- բացատրեց պատգամավորը:

Մեր այն հարցին, թե շարունակո՞ւմ է պնդել իր այն ասածը, թե մենք այժմ էլ պատրաստ ենք ազատագրված տարածքները զիջել Ադրբեջանին` փոխզիջումային տարբերակով, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ազատագրված տարածքները զիջելու մասին չէր խոսքը»:

Դիտարկմանը` բառացի դա եք ասել, պատասխանեց, որ ինքն ընդամենը հարցին է պատասխանել: «Այնպես չէ, որ ես փողոցով անցնում էի, որոշեցի, որ ազատագրված տարածքները…. Ինձ հարցրեցին ` արդյո՞ք այն տարբերակը, որը ենթադրում է «Կոմերսանտ»-ը, հնարավոր է, ես ասացի, որ մենք երբևէ չենք ժխտել փոխզիջումային տարբերակը»,- նշեց Մարտիրոսյանը:

Պնդմանը, թե ասել է` մեր ազատագրած տարածքները կարող ենք հանձնել Ադրբեջանին, որպեսզի կոմպրոմիսի գնանք, նա պատասխանեց. «Չէ, որպեսզի Ղարաբաղի կարգավիճակը, անկախ կարգավիճակը և Ղարաբաղի բնակչության անվտանգութունը, խաղաղ և ազատ ապրելու իրավունքն իրագործվի: Չգիտեմ` ինչու ամենակարևոր բանին ուշադրություն չեն դարձնում»:

Դիտարկմանը, թե` Ձեր գործընկերներից ոմանք ասում են, որ սա բացթողում էր  Ձեր կողմից, Մարտիրոսյանն արձագանքեց. «Դե, միգուցե իմ ամենահաջողված հարցազրույցը չի եղել, բայց այստեղ ինչ-որ միտում կամ ողբերգություն ես չեմ տեսնում: Ես չեմ կարծում, որ որևէ մեկը մեր լրագրողներին երբևէ արգելել է մեր գործընկերներին կամ քաղաքական դաշտի ներկայացուցիչներին հարցնել նրանց տեսակետները Ղարաբաղյան հակամարտության կամ այլ կարևոր հարցերի վերաբերյալ և ապագայում էլ չեմ կարծում, թե որևէ մեկն արգելի: Այնպես որ` լրագրողներն ազատ են ցանկացած քաղաքական գործչի մոտենալ և նրա տեսակետները հարցնել»:

Երբ Մարտիրոսյանին ասացինք, որ խոսքը լրագրողների ազատության մասին չէ, և մամուլի ներկայացուցիչները կարող են տարբեր հարցեր ուղղել, բայց պաշտոնյաները պետք է կոմպետենտ պատասխաններ հնչեցնեն, նա պատասխանեց. «Այն, ինչին կոմպետենտ չեմ, ասում եմ, որ կոմպետենտ չեմ: Եթե ուշադրություն դարձնեք, երևի կտեսնեք»: