կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-06 17:02
Քաղաքական

Սահմանին ծածանվող ՀՀ և ՌԴ դրոշները մեր դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն են․ Արմեն Սարգսյան

Սահմանին ծածանվող ՀՀ և ՌԴ դրոշները մեր դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն են․ Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցյալ շաբաթավերջին այցելել է Հայաստանի պետական սահման, եղել Ռուսաստանի սահմանապահ զորքերի ջոկատում, որը, համաձայն 1992թ. սեպտեմբերի 30-ի Հայաստանի և Ռուսաստանի միջպետական համաձայնագրի, իրականացնում է Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հսկողությունը:Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին զեկուցել է սահմանին տիրող իրավիճակի, սահմանապահների օպերատիվ-ծառայողական գործունեության, սահմանամերձ գյուղերի բնակիչների և հայ գործընկերների հետ սերտ համագործակցության մասին:

«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ վարչությունը հաջողությամբ լուծում է իր առջև դրված խնդիրները», - ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար և հաջողություններ մաղթել սահմանապահներին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ պետական սահմանին ծածանվող Հայաստանի և Ռուսաստանի պետական դրոշները փոխվստահության վրա հիմնված մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն են:

Նախագահ Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ եղել է նաև Նոր Շեն (Խարկով) գյուղում, որտեղից երևում են հայոց հինավուրց Անի մայրաքաղաքի ավերակները: Նրանք զրուցել են գյուղի միակ բնակչի՝ Վահանդուխտ տատի հետ: