կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-29 12:31
Հասարակություն

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հայ ժողովրդի միասնության և վերածննդի խորհրդանիշն է. Սերժ Սարգսյան

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հայ ժողովրդի միասնության և վերածննդի խորհրդանիշն է. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը, որի կառուցման որոշումը կայացվել է 2013թ. մայիսի 30-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ Նախագահի առաջարկի հիման վրա:

 

Մինչ թանգարանի բացումը, Սերժ Սարգսյանը պետական հանձնաժողովի անդամների և հյուրերի հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ դրել Վարդապետի շիրիմին:

 

Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլորին թանգարան-ինստիտուտի բացման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել այս կարևոր նախաձեռնության իրականացմանն իրենց ներդրումն ունեցած բոլոր անձանց և թանգարանում շրջայց կատարելուց ու տարբեր սրահներում ներկայացված ցուցադրություններին ծանոթացելուց հետո, գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում. «Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հայ ժողովրդի միասնության և վերածննդի խորհրդանիշն է:

 

Կոմիտաս վարդապետը միավորեց հոգևորը և աշխարհիկը, ազնվականը և գեղջկականը, արևմտահայկականը և արևելահայկականը՝ ապացուցելով, թե որքան արհեստական են եղել այդ և բազում այլ բաժանարար գծերը:

 

Դրանով իսկ նա դարձավ ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի նոր ընթացքի ռահվիրան ու երաշխավորը՝ վեր հանելով և մեզ հասցնելով մի ահռելի քաղաքակրթական շերտ: Ուրախ եմ, որ այս թանգարանի շնորհիվ Կոմիտասի անօրինակ ժառանգությունն այժմ կարող է համակարգված ուսումնասիրության և լայն տարածման առարկա դառնալ ինչպես Հայաստանում, այդպես էլ աշխարհով մեկ:

 

Կոմիտասը մեր մշակութային կյանքի մասնակիցն է, ով շարունակում է մեզ ուղղորդել արդեն երրորդ հազարամյակի բարդ քառուղիներում: Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի բացումը կարևոր իրադարձություն է մեր երկրի ու մեր ժողովրդի համար»:

 

Նորաբաց թանգարանի համերգային դահլիճում բացման կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն: