կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-24 15:00
Իրավական

ԱԱԾ-ում ինքնամաքրման գործընթացը կրելու է շարունակական բնույթ . նոր տեսանյութ է հրապարակվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով կոռուպցիոն դրսեւորումները բացահայտելու եւ դրանք արմատախիլ անելու գործելաոճին, հետեւողական կերպով շարունակում է ձեռնարկել գործուն միջոցառումներ պետական կառավարման տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, կոռուպցիոն դրսեւորումները բացահայտելու եւ քրեադատավարական օրենքով նախատեսված սկզբունքներն անշեղորեն կենսագործելու ուղղությամբ:

ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել Արարատի մարզի համայնքապատկան հողամասերը պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց դրդմամբ ապօրինի օտարելու, ձեւական աճուրդներ կազմակերպելու, համայնքներին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից  հանցագործությունը թաքցնելու դեպքեր: Դրանցում ներգրավված են եղել ինչպես Արարատի մարզի Մխչյան, Շահումյան համայնքների, Արարատի մարզպետարանի, այնպես էլ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր եւ ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք:

Պարզվել է, որ Ա. Հ.-ն, զբաղեցնելով  ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր սանիկի՝ Ա.Ա.-ի կողմից նույն համայնքի սեփականությունը հանդիսացող  բնակավայրերի նշանակության 0.9 հա մակերեսով հողամասը համայնքից երկարաժամկետ վարձակալումն առանց խոչընդոտների կազմակերպելու շահադիտական դրդումներից ելնելով, իր ենթակայության տակ գտնվող պետական ծառայություն իրականացնող Գ. Ս.-ի  միջոցով, նույն վարչություն է հրավիրել Մխչյան համայնքի ղեկավար Խ.Պ.-ին եւ վերջինիս կամքի ու գիտակցության վրա ներազդելով՝ դրդել է չարաշահել իր պաշտոնեական դիրքը, այն է՝ ուղղորդել է առանց խոչնդոտների կազմակերպել եւ ցածր վարձավճարի դիմաց երկարաժամկետ կարգով հիշյալ հողատարածքը օգտագործման տրամադրել Ա.Ա.-ին կամ ձեւական աճուրդի կազմակերպմամբ օտարել այն:

Արդյունքում համայնքի ղեկավարը՝ իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի դրդմամբ, նախնական համաձայնության գալով համայնքի ավագանու անդամների հետ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հակաօրինական գործողություն կատարելու դիտավորությամբ, Ա.Հ.-ի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ընդհանուր 11.117.800 ՀՀ դրամ կադաստրային արժողությամբ համայնքապատկան հողամասի մեկնարկային գինը սահմանել է զգալիորեն ցածր՝ 5.850.000 ՀՀ դրամ՝ այդ կերպ հնարավորություն տալով Ա.Ա.-ին աճուրդային մեկնարկային գնից մեկ քայլ կատարելու միջոցով ճանաչվել հաղթող: Արդյունքում, կայացված ձեւական աճուրդի ընթացքում Ա. Ա.-ն, ընդամենը 250.000 ՀՀ դրամի չափով մեկ քայլ կատարելով, ճանաչվել է մրցույթի հաղթող եւ 6.100.000 ՀՀ դրամով ձեռք է բերել փաստացի 11.117.800 ՀՀ դրամ կադաստրային արժեքով համայնքապատկան գույքը եւ դրա նկատմամբ գրանցել սեփականության իր իրավունքը, որի հետեւանքով համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքի օտարման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 5.017.800 ՀՀ դրամի չափով, եկամուտ ստանալու իրական հնարավորությունից, որն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք է բերվել նաեւ բավարար ապացույցների համակցություն առ այն, որ նույն պաշտոնատար անձի դրդմամբ կայացված ձեւական աճուրդի արդյունքում օտարվել է նաեւ Արարատի մարզի Շահումյան համայնքի սեփականությունը հանդիսացող 0.2 հա եւ մոտ 0.4 հա մակերեսներով բնակավայրերի  ու գյուղատնտեսական նշանակության հողամասերը: Արդյունքում է համայնքապատկան գույքը վաճառվել է ընդամենը 1.705.000 ՀՀ դրամ արժեքով  իսկ համայնքը զրկվել է օրինական վաճառքի արդյունքում բարձր եկամուտներ ստանալու հնարավորությունից։

Նույն գործի շրջանակներում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, քրեադատավարական օրենքով սահմանված կարգով, «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերի յուրացման դեպքին ընթացք չեն տվել, առերեւույթ կատարված հանցագործության բացահայտման ուղղությամբ որեւէ միջոցներ չեն ձեռնարկել:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում Արարատի մարզի Մխչյան, Շահումյան համայնքների ղեկավարները ներգրավվել են որպես մեղադրյալ եւ նրանց մեղադրանք է առաջադրվել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննական մարմնի՝ որոշմամբ Ա.Հ-ն ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանի որոշմամբ Ա. Հ.-ն կալանավորվել է:

Նույն գործի շրջանակներում կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննվել են նաեւ ՀՀ Արարատի մարզպետարանի հողաշինության բաժնի պետը, ՀՀ ԱԱԾ Արարատի ՄՎ Արտաշատի բաժնի պետը եւ նույն բաժնի օպեր լիազորը, որոնք տվել են խոստովանական ցուցմունքներ:

Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ պետական ծառայություն իրականացնող անձանց ներգրավմամբ այլ հանցավոր դրսեւորումները բացահայտելու եւ համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ համակարգում ինքնամաքրման գործընթացը կրելու է շարունակական բնույթ եւ Ծառայությունը ցուցաբերելու է առավել անհանդուրժողական մոտեցում՝ համակարգում առկա արատավոր երեւույթները բացառելու եւ օրենքի առջեւ հավասարության սկզբունքն անշեղորեն կենսագործելու ուղղությամբ:

ՀՀ ԱԱԾ այլ պաշտոնյաների կողմից հնարավոր նմանատիպ գործողություններից տուժած քաղաքացիներին կոչ ենք անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն՝ միաժամանակ երաշխավորելով դիմող քաղաքացիների անվտանգությունը եւ անձի գաղտնիությունը: