կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-15 19:52
Հասարակություն

Ոստիկանապետը հանձնարարել է բացառել կոռուպցիոն ռիսկներն ու ոստիկան-կրիմինալ կապը

Ոստիկանությունում այսօր՝ մայիսի 15–ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ Արման Սարգսյանը։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ներկա են եղել ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներ, վարչությունների ու տարածքային բաժինների պետեր, ծառայության գծով տեղակալներ։

Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության պետը վեր է հանել արտաքին ծառայության թերությունները։ Արման Սարգսյանը խոսելով համայնքային ոստիկանների ծառայության մասին՝ նշել է, որ նրանք պետք է իդեալական տիրապետեն իրենց հատկացված տարածքների իրավիճակներին։

Արման Սարգսյանը կարևորել է հանցագործությունների կանխման ու նախականխման միջոցառումները և պրոֆիլակտիկ աշխատանքներին նոր թափ հաղորդելու համար տվել կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։ Ոստիկանության պետը խիստ հանձնարարել է բացառել կոռուպցիոն ռիսկներն ու ոստիկան-կրիմինալ կապը։ Նման դեպքեր բացահայտվելու դեպքում ծառայողը կենթարկվի խիստ պատասխանատվության։

Համավարակի դեմ պայքարի շրջանակներում հանձնարարվել է նաև անվերապահորեն ապահովել ՀՀ Պարետի որոշումների կատարումը։

Խոսվել է ճանապարհային ոստիկանության և պարեկապահակետային ծառայության աշխատանքի մասին։ Ոստիկանության պետը հանձնարարել է քաղաքացիների հետ լինել կոռեկտ, իսկ հանցագործների հետ լինել վճռական։ Խորհրդակցությանը քննարկվել են նաև ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, կադրային քաղաքականության և ծառայությանը վերաբերող այլ հարցեր։