կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-14 20:30
Հասարակություն

Եկեղեցին՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին. Aysor.am

Եկեղեցին՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին. Aysor.am

Մայիսի 11-ին Ազգային ժողովը վավերացրեց Եվրոպայի խորհրդի «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիան։

Կոնվենցիայի վերաբերյալ հանրության եւ մասնագիտական շրջանակներում ձեւավորված կարծիքները խիստ բազմազան են, անգամ իրարամերժ, ընդ որում, սուր բանավեճերով ուղեկցվող քննարկումները շարունակվում են նաեւ վավերացումից հետո։

Մասնավորապես, հակասական գնահատականներ են հնչել պատգամավորների, իրավագետների, մանկական հոգեբանների, այլ մասնագետների եւ պարզապես ծնողների կողմից։ Կոնվենցիայի իրավաչափության եւ հնարավոր հետեւանքների առնչությամբ դիրքորոշման վերաբերյալ Aysor.am-ը հարցում է ուղարկել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որին ի պատասխան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Վահրամ քահանա Մելիքյանը հայտնեց հետեւյալը.

«Ցանկացած քայլ՝ ուղղված մեր երեխաների եւ նրանց իրավունքների պաշտպանությանը, եւ այդ շրջագծից ներս «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունումը, ինչ խոսք, սկզբունքորեն կարեւոր է։ Անշուշտ, նյութը զգայուն է, քանզի անմիջականորեն վերաբերում է մեր մատաղ սերնդին եւ այս պարագայում ցանկացած թերացում անթույլատրելի է։ Հենց այս հանգամանքով են պայմանավորված հիշյալ կոնվենցիայի շուրջ հասարակության մեջ տեղ գտած բանավեճերը, իրավագետների, հոգեբանների, սեքսոպատոլոգների ու մանկավարժների կողմից արտահայտվող մտահոգությունները եւ հնչող քննադատությունը։

Այս առումով Հայոց Եկեղեցին կարեւորում է բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են մեր զավակների պատշաճ կրթության, խելամիտ դաստիարակության ապահովման եւ երաշխավորման հարցում։ Ասվածն ինչու չէ, վերաբերում է նաեւ սեռական դաստիարակությանը։

Խնդրի կապակցությամբ, հարկ է նշել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի են ունեցել մի շարք քննարկումներ։ Մեզ նաեւ դիմումներ են կատարվել հավատացյալների կողմից։ Անհրաժեշտ նկատելով Լանզարոտեի կոնվենցիայի շոշափած իրավակարգավորումների շրջագիծը եւ մատնանշված հարցերի արծարծումը՝ այդուհանդերձ, հաշվի առնելով նյութի ակնհայտ զգայական կողմը, օգտակար կնկատեինք, որ մինչ կոնվենցիայի վավերացնելը, աշխատանքներ տարվեին՝ կազմակերպելու հանրային լսումներ, անհրաժեշտ լուսաբանություններ տալու հանրությանը, նաեւ փարատելու տարբեր ոլորտների մասնագետների կողմից արտահայտված մտահոգությունները, որոնք հիմնականում, օրինակ, վերաբերում են երեխաների պարագային կոնվենցիայում «սեռական կողմնորոշում» հասկացության կիրառությանը, ինչպես նաեւ տարրական եւ միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների մասին կրթական ծրագրերի իրականացմանը։

Անորոշությունը եւ կոնվենցիայի իրացման համար անհրաժեշտ քայլերի մասին նվազագույն տեղեկատվության բացակայությունը բնավ չի նպաստում կրքերի հանդարտեցմանը, անհարկի բանավեճերի հանգուցալուծմանը։

Երեխաների պաշտպանության գործում պատասխանատվությունը ամենքինս է, ուստի հարկ չկա միմյանց վիրավորելու, քննադատելու եւ այպանելու։ Նմանօրինակ հարցերում մասնագետների կողմից դրսեւորվող զգոնությունն ու նախանձախնդրությունը գնահատելի է։ Միասնաբար, բոլոր պատասխանատու եւ իրավասու անհատների ներուժի մեկտեղմամբ, հասարակական համապատասխան կառույցների, Եկեղեցու եւ պետության համատեղ ջանքերով պետք է այս դաշտում եւս ապահովենք լավագույնը երեխաների՝ մեր երկրի եւ ազգի ապագայի համար։

Հայոց Եկեղեցին հետամուտ է լինելու, որպեսզի երեխաների կրթական ծրագրերը համահունչ լինեն մեր ժողովրդի ազգային մտածողությանը, արժեհամակարգին եւ նպաստեն նրա հոգեւոր ու մտավոր ներուժի ամրապնդմանը, եւ այս առումով Մայր Աթոռը, ինչպես միշտ, պատրաստակամ է համագործակցել պատկան կառույցների հետ մեր զավակների կրթությունն ու դաստիարակությունը լավագույնս իրականացնելու համար»։