կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-19 13:03
Առանց Կատեգորիա

Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը էական դրական փոփոխության է ենթարկվել. Ռուբեն Մելիքյան

Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը էական դրական փոփոխության է ենթարկվել. Ռուբեն Մելիքյան

Մի բան փաստ է - Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը էական դրական փոփոխության է ենթարկվել։ Հայ Եկեղեցուն, որպես ընդամենը ծիսական արարողություններ իրականացնող կառույց վերաբերվողների թիվը հիմա շատ ավելի նվազ է, քան երբևէ՝ անկախության շրջանում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Մարդիկ ավելի ու ավելի շատ են հետաքրքրվում Եկեղեցու ավանդությամբ, դավանանքով, կանոնակարգությամբ, ծիսակարգի խորքային իմաստով։ Մարդիկ ավելի ու ավելի շատ են զգում, որ եկեղեցին հենց իրե՛նք են, հենց մե՛նք ենք, այլ ոչ միայն սքեմ հագած մեր եղբայրները։ Մարդիկ ավելի ու ավելի շատ են զգում, որ Եկեղեցու պատիվը հենց իրե՛նց արժանապատվությունն է։

Կարծում եմ՝ այդ գիտակցմանը լրջորեն նպաստել է տարիներ ու տասնամյակներ շարունակ կաթիլ-կաթիլ իրականացված այն հսկայածավալ աշխատանքը, որ կատարվել է Մայր Աթոռի կողմից. որակյալ ուսման կազմակերպում հոգևորականների նոր սերունդների համար, «կադրերի» լավ ընտրություն, հետևողական աշխատանք լայն հանրության հետ հեռուստատեսության («Շողակաթ»), ռադիոյի («Վէմ»), համացանցի միջոցով, երիտասարդաց միություններ, սոցիալական աշխատանք՝ բանակում, փակ հաստատություններում, եկեղեցաշինություն։

Գեղեցիկ խոսքից առավել է գեղեցիկ գործը։ Ուղղակի պետք է «լսել» սովորել»։