կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-16 21:05
Աշխարհ

Կորոնավիրուսը` հավատացյալների առաքինության փորձություն

Կորոնավիրուսը` հավատացյալների առաքինության փորձություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կայացած  եպիսկոպոսական ժողովը, կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով որոշում է կայացրել եկեղեցական արարողություններն իրականացնել առանց հավատացյալների ներկայության. տեղեկացնում է Yerkir.am-ը։

Կաթոլիկ աշխարհի կենտրոնում` Վատիկանում նույնպես  Սբ Զատկի տոնին նվիրված արարողությունները ապրիլի 12-ին կանցկացվեն առանց հավատացյալների ներկայության: Այս տարի Հռոմի Ֆրանցիսկոս պապի բոլոր ընդունելություններն ու քարոզները կանցկացվեն տեսահանդիպումների ու տեսաուղերձների միջոցով: Վատիկանի փակ լինելու պատճառը նույնպես կորոնավիրուսի պանդեմիան է. Իտալիան հիվանդության օջախներից մեկն է, մոտ 21,2 հազար վարակված կա: Հռոմի պապն էլ է կորոնավիրուսի ստուգման թեստ հանձնել, արդյունքը բացասական է:

Ի դեպ, Կաթոլիկ եկեղեցին ծիսական արարողությունները նվազեցրել է ոչ միայն Իտալիայում, այլ նաև կաթոլիկ համայնքներ ունեցող բոլոր երկրներում, այդ թվում`Մեծ Բրիտանիայում, որտեղ  անգլիկան եկեղեցին էլ նույնպիսի միջոցներ է ձեռնարկում:

Վարակի չտարածմանն ուղղված միջոցառումներ են իրականացնում նաև ամերիկյան բողոքական եկեղեցիները` բապտիստները, մորմոնները և այլն:

 Որոշ երկրներում աշխարհիկ իշխանություններ են արգելել եկեղեցական ծիսական արարողությունները, օրինակ` Մոլդովայում, Չեռնոգորիայում:

Ռուս ուղղափառ եկեղեցին դեռևս մտադիր չէ սահմանափակել հավատացյալների մասնակցությունը պատարագներին կամ դրանք անցկացնել տեսառեժիմով: «Ես հստակ ասում եմ` մենք չենք փակելու տաճարները, չենք չեղարկելու արարողությունները»,- կիրակի «Ինտեֆաքս»-ին հայտնել էր Ռուս ուղղափառ եկեղեցու արտաքին կապերի բաժնի ղեկավար, միտրոպոլիտ Իլարիոնը: Եկեղեցու տեսանկյունից` բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են, այդ թվում` ախտահանումը:

Մինչդեռ ուղղափառ աստվածաբան և հրապարակախոս Անդրեյ Կուրաևի կարծիքով` կատարվող միջոցառումները բավարար չեն: «Շատ կարևոր է մարդկանց ասել, որ եթե դուք այս օրերին չեք մասնակցում մեծ հավաքների, այդ թվում` կրոնական, դա կլինի ձեր զոհաբերությունը` հանուն ձեր հավատքի, հանուն Քրիստոսի: Դա ձեր անհավատության, վախկոտության նշան չէ, ընդհակառակը`նշան է այն բանի, որ դուք պատրաստ եք հրաժարվել այն բանից, ինչը հավանում եք, այն բանից, ինչը սիրում եք: Սխրանք կատարեք` հրաժարվեք այն բանից, ինչը սիրում եք` հանուն ուրիշ մարդկանց»,- ասել է նա «Վզգլյադ» թերթի հետ զրույցում: