կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-13 10:10
Աշխարհ

Նորվեգիայի թագավորն ու թագուհին կարանտինում են հայտնվել

Նորվեգիայի թագավորն ու թագուհին կարանտինում են հայտնվել

Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը և թագուհի Սոնյան կարանտինի մեջ են, իսկ պատճառը՝ կորոնավիրուսն է. հայտնում է Yerkir.am-ը՝ Mirror-ին հղումով:

Նշվում է՝ նրանք նոր են վերադարձել Հորդանանից։ Կորոնավիրուսի ախտանշաններ չունեն։

Բացի թագավորական զույգից, կարանտինի մեջ են կառավարության մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Նորվեգիայի ԱԳ նախարար Ինե Էրիքսեն Սերեյդեն։

Հիշեցնենք՝ նախօրեին Նորվեգիայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն էր գրանցվել։ Վարակվածների թիվը հասել է 620-ի։  Մարտի 12-ից երկրում բոլոր մանկապարտեզներն ու կրթական հաստատությունները փակվել են։

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 12-ի ժամը 10.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 126.254 դեպք, որից 4.637-ը՝ մահվան, և 68.266-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 4 դեպք կա. առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, 29 տարեկան է եւ ժամանել է Իրանից։ Նա իրեն լավ է զգում եւ ոչ մի գանգատ չունի։ Կրկնակի թեստավորումից հետո նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից։

Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Բոլոր երեքը գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել էր.

«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»:

Նշենք՝ համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում: