կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-02 16:56
Տարածաշրջան

120 մարդ կարանտինում է. կորոնավիրուսի պատկերը Վրաստանում

120 մարդ կարանտինում է. կորոնավիրուսի պատկերը Վրաստանում

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել կորոնավիրուսի կապակցությամբ ձևավորված միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստը. հայտնում է Yerkir.am-ը՝ «Գրուզիա On-line»-ին հղումով:

Նշվում է՝ խորհրդի այսօրվա նիստին Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարար Եկատերինա Տիկարաձեն մանրամասնել է, որ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը չի աճել, իսկ երեք վարակվածների առողջական վիճակն այս պահին կայուն է, և բարդություններ չկան:

Միաժամանակ նա նաև տեղեկացրել է, որ այս փուլում 120 մարդ գտնվում է կարանտինում:

Միջգերատեսչական խորհուրդը լսել է տեղեկատվությունը նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգալելու առաջարկությունների կատարման վերաբերյալ, այդ թվում` ամբողջ երկրում տարբեր նշանակման հաստատություններում ախտահանման և հանրային վայրերում բազմամարդ միջոցառումների չեղարկման մասով: Այն ներառում է նաև փակ տարածքներում մշակութային ու սպորտային միջոցառումների ժամանակավոր հետաձգում:

Ըստ միջգերատեսչական համակարգող խորհրդի հրահանգի` վիրուսի տարածումը կանխարգելելու համար ախտահանում կիրականացվի պետական գերատեսչությունների կողմից վրացական երկաթուղին գնացքներում և կայարաններում, որոնք հանրային ծառայություններ են մատուցում բնակչությանը:

«Ինչպես հայտնի է, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը աշխատանքներ է տանում կորոնավիրուսի տարածման պատճառով վրացական տնտեսության վրա ազդեցությունը հաշվարկելու ուղղությամբ, առավել մանրամասն տեղեկություններ կներկայացվեն համակարգող խորհրդի հաջորդ նիստին: Բացի այդ՝ հանդիպմանը պարզաբանվել է, որ վրացական կառավարությունն ակտիվորեն աշխատում է հարևան երկրների հետ` Իրանից եկող և այժմ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին գտնվող իր քաղաքացիներին Վրաստան բերելու համար: Նրանց տեղափոխումը կիրականացվի՝ ըստ առողջապահության նախարարության կողմից մշակված կարգի»,- ասվում է հաղորդագրությունում:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Հարևան Վրաստանում այս պահին կորոնավիրուսի 3 հաստատված դեպք կա՝ առաջինը՝ փետրվարի 26-ին, 2-րդը և 3-րդը փետրվարի 29-ին: