կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-02 18:54
Աշխարհ

ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագիր

ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագիր

Արցախի Հանրապետության 2020թ. համապետական  ընտրություններ

Հարգելի՛ ընտրող,

Հայ Յեղափոխական Դաշնակցության (այսուհետ՝ ՀՅԴ) նախընտրական ծրագիրն անդրադառնում է մեր կյանքում առկա հիմնախնդիրներին և առաջարկում է դրանց լուծման ուղիները: Զարգացման այս հանգրվանում մեր երկրում լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ: Պետության գլխավոր խնդիրը երկրի և ժողովրդի անվտանգության  ապահովումն է, հասարակության արժանապատիվ կյանքի համար պայմանների ստեղծումը: Ժողովրդավարական  հասարակարգի կառուցումը, սոցիալական արդարության և օրենքի գերակայության հաստատումն Արցախի Հանրապետության (այսուհետ՝ ԱՀ) հզորացման, ճանաչման և խաղաղության պահպանման հիմնական պայմանն է:

Դաշնակցությունն իր գործունեության ողջ ժամանակահատվածում ապացուցել է, որ ամենադժվարին պահերին մշտապես կանգնած է ժողովրդի  կողքին և պատրաստ է հետևողականորեն իրականացնել հայրենիքի  հզորացմանն ուղղված ծրագրերը, անշահախնդիր ծառայել ժողովրդին ու պետությանը:

ՀՅԴ նախընտրական ծրագիր

Արտաքին քաղաքականությունԱրցախի հիմնախնդիր

ԱՀ արտաքին քաղաքականության հիմնական նպատակն Արցախի հիմնահարցի, որպես Հայ Դատի բաղկացուցիչ մասի, լիարժեք լուծումն է խաղաղ ճանապարհով՝ Արցախում անցկացված համաժողովրդական հանրաքվեների և Սահմանադրության հիման վրա,  միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում: Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը միացյալ հայրենիք կերտելու միջանկյալ հանգրվան է: «Զարգանալ՝ չզիջելով» սկզբունքը Դաշնակցության  համար Արցախի հզորացման և հարցի լուծման հիմնական առանցքն է:

Այդ նպատակով անհրաժեշտ է`

— պետության նախաձեռնությամբ,  համահայկական մակարդակով  մշակել և ընդունել Արցախի խնդրի կարգավորման միասնական հայեցակարգ, որտեղ կհստակեցվեն հայկական կողմի հիմնական մոտեցումներն ու  տեսլականը, 

— մշակել և ընդունել արտաքին քաղաքականության հայեցակարգ,

— համախմբել հայրենիքի և Սփյուռքի ներուժն Արցախյան հարցի լուծման գործընթացում,

-ԱՀ անվտանգության և միջազգային ճանաչման ասպարեզում առավել կենսունակ դարձնել պետության հետ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների և հանձնախմբերի համագործակցությունը,

— բարեկամ երկրների հետ նպատակաուղղված աշխատանքներ ծավալել` ընդլայնելով այդ պետություններում ԱՀ դիվանագիտական մարմինների ներկայությունը,

— Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ ՀՀ) շարունակի լինել ԱՀ անկախության և անվտանգության երաշխավորը,

—  ՀՀ և ԱՀ միջև կնքել ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր,

— բանակցային գործընթացում ԱՀ-ն պետք է  մասնակցի որպես լիիրավ բանակցող կողմ:

ԱՀ տարածքային ամբողջականությունը տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը երաշխավորող հիմնական գործոններից է:

ԱՀ իշխանությունները պետք է`

— ամուր կեցվածք ունենան երկրի տարածքային ամբողջականության պահպանման և վերականգնման գործընթացում,

— չեզոքացնեն հակաարցախյան քարոզչությունը և միջազգային հանրությանն ընկալելի դարձնեն ԱՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացները:

Անվտանգություն և պաշտպանություն

Երկրի անվտանգությունը և բանակի մարտունակությունը բարձրացնելու համար ՀՅԴ-ն առաջնահերթ է համարում`

— բնակչության պաշտպանվածության մակարդակի բարձրացումը,

— զինված ուժերում ծառայելու արժանավայել պայմանների ստեղծումը և բարոյահոգեբանական  մթնոլորտի բարելավման համար անհրաժեշտ փոփոխությունները,

— սպայական կազմի աշխատավարձերի շարունակական բարձրացումը և  սոցիալական արտոնությունների ընդլայնումը, այդ թվում` բնակարանային հիմնախնդիրների լուծումը:

— ժամկետային զինծառայողների սոցիալ-կենցաղային և անվտանգային պայմանների բարելավումը,

— պարտադիր, ժամկետային և պրոֆեսիոնալ պայմանագրային ծառայության արդյունավետ համադրումը,

-պրոֆեսիոնալ-կամավոր զինվորական ծառայության շրջանակի ընդլայնումը,

— բանակի  լիակատար ապաքաղաքականացումը,

— նախազորակոչային տարիքի երիտասարդների ռազմահայրենասիրական և ֆիզիկական դաստիարակությունը, ինչպես նաև նախնական զինվորական պատրաստության դասավանդման պայմանների արմատական բարելավումը,

— Ազգ-Բանակ հայեցակարգը պետք է լինի ժողովրդի բարոյահոգեբանական սկզբունքների կերտման հիմնական ուղղությունը:

Վճարովի համակարգում սովորած և մասնագիտություն ստացած անձինք, որոնք իրենց աշխատանքային գործունեությունը որպես զինծառայող կշարունակեն բանակում`  հինգ տարվա ընթացքում պետության կողմից կմարվեն նրանց  ուսման  ծախսերը:

Բանակում ծառայությունից խուսափած անձինք չպետք է ստանձնեն պետական բարձր պաշտոններ:

Կրթություն և գիտություն

Դաշնակցությունը կրթության և գիտության դերը տեսնում է նախևառաջ երկրի անվտանգությանը, տնտեսական և ռազմական հզորացմանը ծառայելու մեջ:

Գիտության ոլորտի պետական քաղաքականության հիմնական նպատակներն են՝ գիտական ու գիտատեխնիկական ներուժի զարգացումը, կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորումը, գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը:

Կրթության համակարգը կոչված է ձևավորելու մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանի զարգացած, ինքնակազմակերպման ընդունակ, հայրենասիրության, մարդասիրության ու ազգային պետականության համար հպարտության ոգով դաստիարակված քաղաքացիներ:

Կրթության համակարգն էական բարեփոխումների կարիք ունի:

Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է`

— նոր մակարդակի բարձրացնել կրթական համակարգում հայրենասիրական և ազգային դաստիարակություն պարունակող ծրագրերն ու նախաձեռնությունները,

— ընդլայնել նախադպրոցական կրթության համակարգը` բացելով նոր մանկապարտեզներ: Խրախուսել այս ոլորտում մասնավոր ներդրումները՝ կառավարություն-համայնք-ներդրող երկարաժամկետ պայմանագրային հարաբերությունների ձևաչափը և այն առավել գործնական դարձնել: Այս ասպարեզում վերջին հինգ տարիներին Դաշնակցություն-կառավարություն-համայնք համագործակցությունն արդյունավետ էր և հանրության համար շահեկան: Դա կնպաստի նաև ծնելիության աճին և կանանց զբաղվածության խնդիրների լուծմանը,

— համատեղել ուսուցման և դաստիարակության գործընթացները, նոր մեթոդներով վերականգնել արտադպրոցական դաստիարակության համակարգը,

— ընդլայնել արհեստագործական ուսումնարանների ցանցը և այն համապատասխանեցնել ԱՀ տնտեսական զարգացման հեռանկարին: Տվյալ կրթօջախներում ստեղծել նյութատեխնիկական ժամանակակից բազա,

— երկրի համաչափ զարգացման կարևորությունը նկատի առնելով` շրջաններում բացել միջին մասնագիտական քոլեջներ և ընդլայնել ուսուցանվող մասնագիտությունների ցանկը,

— ուսուցիչների և կրթական հաստատությունների աշխատողների աշխատավարձը բարձրացնել յուրաքանչյուր տարի,

— սահմանամերձ և վերաբնակեցվող բնակավայրերում երիտասարդ մանկավարժ մասնագետներին տրամադրել բնակարաններ,

—  դպրոցներում ապահովել կառավարման կոլեգիալ համակարգ և թափանցիկ հաշվետվողականություն,

— լուրջ փոփոխության ենթարկել ավագ դպրոցների տեղաբաշխման մեխանիզմը՝ առանձնապես Ստեփանակերտում,

— միջոցներ ձեռնարկել ուսուցիչների և աշակերտների ամառային հանգիստը պատշաճորեն կազմակերպելու համար,

— մտավորականությունը պետք է կարողանա օգտվել այն հնարավորություններից, որը հատուկ է սոցիալապես ապահով խավերին,

— ձևավորել հավասար հնարավորություններ և որակյալ գիտելիքներ ապահովող համակարգ,

— տաղանդավոր երիտասարդներին արտերկրում ուսումը շարունակելու համար, վերադառնալու երաշխավորված պայմաններով, հատկացնել ֆինանսական միջոցներ,

— ձեռնարկությունների կողմից իրենց կադրային պահանջները բավարարելու նպատակով ուսուցումը ֆինանսավորելու հնարավորություններ ստեղծել,

— խրախուսել վճարովի հիմունքներով օտարերկրյա քաղաքացիների ուսուցումը և համապատասխան պայմանների ստեղծումը,

— անցնել անվճար բուհական կրթության,

 — ստեղծել հիմնադրամ, որտեղ կենտրոնացված ֆինանսական միջոցները կօգտագործվեն մասնագետների տեղաբաշխման և համապատասխան ժամանակահատվածում աշխատանքային գործունեության ծավալման  համար,

—      բարելավել ուսանողների կենցաղային և հանրակացարանային պայմանները,

—     խթանել բուհական ինքնավարությունը,

—  բուհական բնագավառի մասնագետներ հրավիրել ԱՀ, նրանց համար ստեղծել աշխատանքային և կենցաղային պատշաճ պայմաններ,

— մշակել համապատասխան ծրագիր` գիտական ներուժի պահպանման, երիտասարդացման, աշխուժացման համար: Բուհերը, մասնավորապես ԱրՊՀ-ն, դարձնել գիտական հիմնարար օջախ,

— մեծացնել գիտական և գիտատեխնիկական գործունեությանը պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորման ծավալները` հենվելով առարկայական առաջարկների կամ պատվերների վրա,

— խթանել համագործակցությունն ու ինտեգրումը ՀՀ և միջազգային գիտական կենտրոնների հետ,

— երիտասարդ գիտնականների, դասախոսների, ուսուցիչների համար իրականացնել «Մատչելի բնակարան»  ծրագիրը,

— կադրային ներուժը նպատակային օգտագործելու և հանրային կյանքում նրանց պահանջված լինելու անհրաժեշտությունն ընդգծելու համար սահմանել մասնագետների ու պետական պաշտոնյաների կրթական  ցենզ, որը ներկայացված կլինի համապատասխան անձնագրային ձևակերպումների տեսքով:

Պետաիրավական և պետական կառավարման համակարգ

ԱՀ-ում պետաիրավական և պետական կառավարման համակարգի ձևավորումը, անցնելով մի շարք հանգրվաններ, այսօր ևս ունի կատարելագործման և արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն:

Առանձին անհատների ցանկությունները,  քաղաքական կողմնորոշումները կամ նախապատվությունները չպետք է նույնացվեն պետականության էության և նպատակների հետ:

Արցախի պետաիրավական և կառավարման համակարգն արտաքին համարկման  /ինտեգրման/ առումով պետք է ընկալելի և ընդունելի լինի աշխարհի համար, իսկ երկրում` սեփական ժողովրդի:

ՀՅԴ-ն համոզված է, որ պետաիրավական և պետական կառավարման համակարգի կատարելագործման համար ներկա փուլում առաջնահերթ են`

-հասարակության մասնագիտական ներուժի համախմբման և ներքաղաքական կայունության ապահովման միջոցով պետաիրավական համակարգի կատարելագործման շարունակականությունը,

-ապահովել պետական ծառայողների պաշտպանվածությունը քաղաքական կոնյուկտուրայից,

— նոր սահմանադրության ընդունմամբ ապահովել օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքների իրական և լիարժեք կենսագործումը, բացառելով գործադիր մարմինների` օրենսդիր մարմնի վերահսկողությունից դուրս գործելու հնարավորությունը,

— դատաիրավական համակարգի բարեփոխումներն իրականացնել իրավական պետությանը բնորոշ սկզբունքների հիման վրա,

— միջոցներ ձեռնարկել ԱԱԾ և ոստիկանական համակարգերը, բացառապես օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակում գործելու ուղղությամբ, որով հասարակության մեջ կամրապնդվի  վստահությունը նրանց նկատմամբ,

— պետական մարմինների, հատկապես վերահսկողական լիազորություններ ունեցող կառույցների կազմավորման գործում՝ ընդդիմության մասնակցության և իրական ազդեցության  ապահովումը,

— խրախուսել ժողովրդի  մասնակցությունը պետական կառավարմանը և ընթացքավորել նրա  նախաձեռնությունները,

— կատարելագործել և ճշգրիտ մեխանիզմներ սահմանել քաղաքացիների կողմից հանրահավաքների, հանրաքվեների  և  հանրային հարցումների նախաձեռնության իրավունքի իրացման համար,

— ապահովել կառավարման համակարգի  ապակենտրոնացում, որը ժողովրդավարության իրական հիմքն է,

— իրականացնել պետական կառավարման մարմինների կազմի, կառուցվածքի, հաստիքների լավարկում,

— ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները և պատասխանատվությունը, կայացնել ավագանու ինստիտուտը, ինչպես նաև՝ շրջանային վարչակազմի ղեկավարի ուղղակի ընտրությունը,

— անհրաժեշտություն ենք համարում պետական կառավարման համակարգում երիտասարդների և կանանց առավել լայն ընդգրկումը:

Տնտեսական քաղաքականություն

ՀՅ Դաշնակցությունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքում հաջողություններ արձանագրելու համար կորդեգրի նոր մոտեցումներ՝ հիմնված հասարակության բոլոր խավերի ու շերտերի շահերի պաշտպանության վրա:

ՀՅԴ-ն, լինելով ընկերվարական կուսակցություն, գտնում է, որ`

— երկրի տնտեսական  զարգացման գլխավոր խնդիրը բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի արմատական բարելավման ապահովումն է,

— ԱՀ հիմնահարցի և անվտանգության խնդիրների լուծումն ուղղակիորեն կախված է դիվերսիֆիկացված տնտեսության զարգացման վիճակից,

— անհրաժեշտ է մշակել ռազմավարական առաջնահերթությունների վրա հիմնված ազգային տնտեսական անվտանգության հայեցակարգ, որտեղ հստակ արտահայտված կլինի պետություն-մասնավոր գործընկերային հարաբերությունը,

— տնտեսական զարգացման հիմքը խելամիտ օրենսդրության վրա հիմնված, հասարակությանը վստահություն ներշնչող անկախ դատաիրավական համակարգի առկայությունն է, առանց որի անիմաստ է խոսել արդյունավետ ու մրցունակ տնտեսության  մասին,

— երկրում  որևէ տնտեսվարող սուբյեկտ չպետք է դուրս մնա օրենքի ենթակայությունից,

—    տնտեսության զարգացման պայմաններից է պայքարը մենաշնորհների և մենատիրության երևույթների դեմ,

— հարկման և բաշխման չափորոշիչների հստակեցմամբ երաշխավորված կլինեն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական կայունությունն ու սոցիալական արդարությունը,

— տնտեսության զարգացումը հնարավոր է ապահովել արտադրության կազմակերպումից մինչև ապրանքների իրացման մեխանիզմների ծրագրման և իրագործման իրատեսական գործիքակազմի հստակեցման պարագայում: Մենք գտնում ենք, որ կառավարությունն արտահայտված դերակատարություն պետք է ունենա Արցախում արտադրված ապրանքներն արտաքին շուկաներում իրացնելու գործում,

— աշխատատեղեր ստեղծող գործարանները պետք է լինեն պետական աջակցության ներքո,

— հարկ է ընդլայնել պետության կարգավորող-վերահսկիչ դերն առանձնապես տնտեսության այն ոլորտներում, որոնք չեն կարող ինքնակազմակերպվել ու ինքնակազմավորվել,

— ազատ հասարակարգ ստեղծելու համար անհրաժեշտ է խորացնել պետության միջամտությունը շուկայական տնտեսության մեջ: Ազատ շուկայի գործունեությունը ոչ միայն չի բացառում կառավարության միջամտությունը, այլև այն դարձնում է անհրաժեշտ,

— խիստ կարևոր է բազմակացութաձև սեփականության (պետական, մասնավոր և կոլեկտիվ) համակարգի հավասարակշռված ու համամասնական զարգացումը:

Զբոսաշրջության բնագավառը պետք է դիտվի` որպես տնտեսության զարգացման կարևոր ճյուղ: Այս ուղղությամբ անհրաժեշտ է՝

— ձևավորել և կատարելագործել զբոսաշրջության ոլորտի զարգացումն ապահովող բարենպաստ օրենսդրական դաշտ,

-ենթակառուցվածքների բնագավառում ներդրումներ անելիս հաշվի առնել զբոսաշրջության ռազմավարական դերը տնտեսության մեջ և տարածքների համաչափ զարգացման գործում,

— ապահովել պետական աջակցություն՝ զբոսաշրջության այլընտրանքային ձևերի զարգացմանն ուղղված ծրագրերին,

—   պետական աջակցության և հարկային բարեփոխումների միջոցով խրախուսել ներգնա և ներքին զբոսաշրջության զարգացումը:

Ամփոփելով` կարող ենք ասել, որ վերոհիշյալ ասպարեզում ՀՅԴ քաղաքականությունը հանգում է հետևյալին՝ արդար և ազատ պայմանների ապահովում, արտադրության արդյունքների արդարացի վերաբաշխում:

Բնապահպանություն

Բնության և կենսոլորտի պահպանումը Դաշնակցության գերակա ծրագրային ուղղություններից է, որի հիմքում մարդու և շրջակա միջավայրի ներդաշնակ փոխհարաբերության  և սերունդների համերաշխության սկզբունքներն են:

Ելնելով այդ հանգամանքից գտնում ենք, որ՝

—           միայն խիստ և անկողմնակալ փորձագիտական ուսումնասիրությունների հիման վրա իրականացնել մետաղական և ոչ մետաղական հանքավայրերի ու ջրային ռեսուրսների շահագործումը,

—           էներգետիկ համակարգի զարգացումը  սոցիալ-տնտեսական առաջընթացի կարևոր բաղադրիչն է, սակայն ջրային ռեսուրսների հախուռն օգտագործումը բնապահպանական խնդիրներ և հանրային հիմնավոր անհանգստություն է առաջացնում, որոնց լուծումը հրատապ անհրաժեշտություն է,

— հատուկ քաղաքականությամբ խրախուսել անցումն այլընտրանքային էներգիայի վերականգնվող աղբյուրներին՝ խթանելով արևի և քամու էներգիայի վրա հիմնված էներգետիկ արտադրությունը,

—           ապահովել ապօրինի ծառահատումների ու որսագողության կանխումը և անտառների վերականգնումը, բարելավել համապատասխան պետական ծառայության աշխատանքների որակը:

Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն

Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունն անընդհատ  կատարելագործման կարիք ունի: Այն կարող է լուծել սոցիալական հիմնախնդիրներ` միաժամանակ խրախուսելով տնտեսության առաջնային ճյուղերի զարգացումը,  նպաստելով երկրում արտադրվող հարստության  արդյունավետ  օգտագործմանը և հայրենական արտադրության  մրցունակության բարձրացմանը: Վերոհիշյալ քաղաքականությունն ինքնանպատակ չէ. այն տնտեսական զարգացման միջոց է: Հետևաբար, մենք դեմ ենք դրամավարկային քաղաքականության պասիվ-հարմարվողական բնույթին և մտադիր ենք այն վերածել տնտեսական քաղաքականության առանցքային լծակի: Դրա համար՝

— կմշակվի ռազմավարական առաջնահերթությունների վրա հիմնված ազգային տնտեսության անվտանգության հայեցակարգ, որով պետք է ձևավորվեն հարկային, բյուջետային և դրամավարկային քաղաքականության  հիմնական չափանիշները,

— կապահովվի Ազգային ժողովի առավել արդյունավետ մասնակցությունը բյուջեի նախնական մշակմանը, կազմմանն ու կատարման վերահսկողությանը,

— պետական կառավարման ապակենտրոնացմանը զուգահեռ` կապահովվի կենտրոնացված և համայնքային բյուջեի ներդաշնակ փոխհարաբերությունների ձևավորման գործընթացը` այն առումով, որ կարելի լինի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններին համապատասխան ֆինանսական միջոցներ գոյացնել,

— տարեկան բյուջեն կկազմվի ճյուղային և տարածքային կտրվածքով՝ ապահովելով բյուջետային քաղաքականության նպատակներ-միջոցներ-արդյունավետություն շղթայի քանակական և որակական միասնությունը,

— ապահովել բյուջետային միջոցների ծախսման խստիվ կանոնակարգման և այդ բնագավառում ֆինանսական կարգապահության բարձրացումը, մասնավորապես պետական միջոցների ծախսման նկատմամբ պատշաճ ֆինանսական վերահսկողության իրականացումը, ինչպես նաև ոչ արդյունավետ գործառույթներին դասվող ծախսերի կրճատումը,

— էապես պարզեցնել հարկային համակարգը` խուսափելով անհարկի թղթաբանությունից,

-ներդնել աճողական (պրոգրեսիվ) հարկային քաղաքականություն: Շատ վաստակողը պետք է ավելի շատ հարկ վճարի, քանի որ դրա միջոցով է հնարավոր վերացնել եկամուտների բևեռացվածությունը և սոցիալական անարդարությունը: Պրոգրեսիվ հարկման տրամաբանությունը կգործի նաև գույքահարկի պարագայում,

— ապահովել հավասար պայմաններ արդար մրցակցության համար` բացառելով հովանավորչությունը,

— հստակեցնել և պարզեցնել հարկային մարմինների գործողությունները բողոքարկելու մեխանիզմները,

— ապառք  ունեցող ձեռնարկությունների համար ապահովել ներդրումներ անելու և ընթացիկ հարկերը վճարելու հնարավորություն,

— ապահովել փոքր ու միջին գործարարության, գյուղատնտեսության և արդյունաբերության բնագավառում ընթացիկ և կապիտալ վարկերի տրամադրման մատչելիություն,

— տարածքների համաչափ զարգացման անհրաժեշտությունից ելնելով` կառավարության համապատասխան ծրագրի շրջանակում` գյուղի և գյուղատնտեսության, ինչպես նաև ներդրումային հիմնադրամների կողմից կիրառել սուբսիդավորման տարբերակված քաղաքականություն:

Գյուղատնտեսություն

Փաստ է, որ երկրի գյուղական բնակավայրերը հիմնականում գտնվում են ոչ բարվոք վիճակում: Երկրի պարենային անվտանգության ապահովման, գյուղական բնակչության եկամուտների ավելացման, գյուղի սոցիալական զարգացման հիմնախնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է բազմակողմանի պետական աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսությանը:

ՀՅԴ-ն գտնում է, որ`

— հզոր երկիր կառուցելու հիմնական գրավականը  գյուղերի զարգացումն է,

—  գյուղատնտեսության և գյուղի զարգացումը շաղկապված են, գյուղերը պետք է վերածվեն կայուն եկամտաստեղծ բնակավայրերի,

— խղճուկ վիճակում գտնվող բնամթերային տնտեսություններին անհրաժեշտ է պետության հովանավորությունը: Այդ ճանապարհով հնարավոր է անցումը դեպի եկամտաստեղծ ֆերմերային տնտեսություններին, ինչը լրջորեն կխթանի Արցախից գյուղմթերքների արտահանման ծավալները,

— ֆերմերային տնտեսությունները` որպես հիմնական պարենային ապրանքների արտադրողներ, պետք է աշխատեն կառավարության մասնագիտական-խորհրդատվական և ֆինանսական աջակցությամբ,

— անհրաժեշտ է ագրարային ոլորտում խրախուսել մանր գյուղացիական տնտեսությունների միջև կոոպերացիոն կապերի ստեղծումը, ընդլայնումը և զարգացումը: Մասնավորապես կառավարության հոգածության ներքո պետք է լինեն այն կոլեկտիվ տնտեսությունները, որոնք իրենց շուրջը կհամախմբեն գյուղական մտավորականների և զինծառայողների ընտանիքներին:

Առկա գյուղատնտեսական արտադրական հնարավորությունները չեն համապատասխանում գյուղատնտեսության զարգացման ՀՅԴ տեսլականին:

Ուստի մենք առաջարկում ենք`

— հողի և գյուղտեխնիկայի սեփականատերերի միջև ստեղծել փոխշահավետ, ամուր  իրավական հիմքերով երկարաժամկետ համագործակցություն, որը պետք է լինի գործադիր իշխանության ուշադրության կենտրոնում, ինչպես նաև կյանքի կոչել գյուղտեխնիկայի սպասարկման և վերանորոգման արդյունավետ համակարգ,

— ներդնել գյուղատնտեսության ապահովագրական համակարգ և փոխհատուցել բնական աղետներից տուժած գյուղացիական տնտեսություններին,

— սերմնաբուծարանները, տնկարանային տնտեսությունները, տոհմային անասնաբուծական կայանները դարձնել պետական բաժնետիրական ընկերություններ,

— արմատապես բարելավել ոռոգման համակարգերը,

— ընդլայնել գյուղատնտեսական համակարգի վարկավորման ծավալները: Ապահովել այգիների հիմնման և տեղական հումքով գյուղատնտեսական մթերքների մշակման արտադրությունների կազմակերպման երկարաժամկետ վարկավորումը: Պետական աջակցությունը լինելու է թիրախային` խրախուսելով առավել բարձրարժեք գյուղատնտեսությունը,

— կարևորել գյուղատնտեսական մթերքների վերամշակման ձեռնարկությունների կամ նրանց մասնաճյուղերի հիմնադրումը և մասնագետների վերապատրաստումը:

ՀՅԴ արտերկրի կառույցները կարող են արտահայտված դերակատարություն ունենալ գյուղատնտեսության զարգացման, մասնավորապես արտաքին շուկաների ձևավորման գործում: Այս ուղղությամբ գտնում ենք, որ բավարար ուսումնասիրություններ չեն կատարվել մեր արտադրական հնարավորությունները միջազգային շուկաներում ներկայացնելու գործում: Գյուղատնտեսության արտադրանքի արտահանումը դիտում ենք մեր արտաքին տնտեսական քաղաքականության հիմնական գործիքներից մեկը: 

Արդյունաբերություն և ձեռնարկատիրություն

Արդյունաբերության բնագավառում քաղաքականությունը, որը մեծ հնարավորություններ է ընձեռնում` լուծելու սոցիալ-տնտեսական արմատական խնդիրներ և բացելու մեծաթիվ աշխատատեղեր, հիմնականում պետք է հանգի հետևյալին`

— անկախ սեփականության ձևերից, տնտեսվարողների համար հավասար պայմաններ ապահովող մրցակցային և ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծում,

— արտաքին տնտեսական արդյունավետ քաղաքականության իրականացում և արտահանումը խթանող համակարգի ձևավորում, որն այժմ գտնվում է անմխիթար վիճակում,

— գիտական ու գիտատեխնիկական ներուժի ներդրում արդյունաբերության ոլորտում: Այստեղ անհրաժեշտ է օգտագործել սփյուռքի ներուժը,

— բարձրացնել պետության պատասխանատվությունն արդյունաբերության նոր ոլորտների ստեղծման գործընթացում,

— առանձնակի ուշադրություն դարձնել շրջկենտրոններում և գյուղական համայնքներում կանանց աշխատատեղերի ստեղծմանը և համակարգչային, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը,

— փոքր և միջին բիզնեսի զարգացման համար պարզեցնել վարչական, իրավական, հարկային, վարկային համակարգերը: Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը կնպաստի միջին խավի ձևավորմանը, որը տնտեսական կայուն զարգացման և սոցիալական լարվածության մեղմացման երաշխիքն է,

— մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն: Այն պետք է արտացոլի ստեղծագործողի, գիտնականի, ինժեների, գյուտարարի մասնավոր իրավունքը,

— իրավական մեխանիզմների հստակեցում, որոնք թույլ կտան բացառել իշխանության համակարգում գտնվող անձանց` ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքերը և իշխանական լծակները բիզնեսի հովանավորչության նպատակին ծառայեցնելը,

— ֆինանսական և վարկային շուկաներում մենատիրացման երևույթների բացառում,

— օրենքի պարտադրանքով բաց բաժնետիրական ընկերությունների միջոցով բնական մենաշնորհ ունեցող կազմակերպությունների կարգավիճակի փոփոխում,

— արտերկրի ներդրողների համար գործընկերային միջավայրի ձևավորում, որը խրախուսելի կդարձնի ներդրումները ԱՀ-ում:

ՀՅԴ-ն գտնում է, որ արդյունաբերության բոլոր ճյուղերի համաչափ զարգացմամբ և ծավալների ընդլայնմամբ է հնարավոր ստեղծել ավելի մեծ համախառն ներքին արդյունք, որն իր հերթին կբարձրացնի բնակչության կենսամակարդակը:

Հակակոռուպցիոն և հակահովանավորչական քաղաքականություն

Կոռուպցիայի և հովանավորչության դեմ համապարփակ պայքարի կազմակերպումը ՀՅԴ կողմից մշտապես դիտարկվել է որպես իրական ժողովրդավարության, երկրի կայուն զարգացման, քաղաքացիական հասարակության կայացման, սոցիալական արդարության և համերաշխության, օրենքի գերակայության հաստատման հիմնական գրավականներից մեկը:

Կոռուպցիան, կաշառակերությունը, հովանավորչությունը խանգարում են բարիքների, հանրային հարստության արդարացի բաշխմանը: Աղքատության վերացման հիմնական գործիքներից մեկը  կոռուպցիայի դեմ պայքարն է: Կոռուպցիան սպառնում է ոչ միայն տնտեսական բարեփոխումներին, ներդրումների իրականացմանը, այլև քաղաքացիական հասարակության կայացմանը և երկրի ներքին կայունությանը: Այն սոցիալական, քաղաքական, տնտեսական, իրավական, բարոյական հիմնախնդիր է:

Կոռուպցիայի կանխարգելումը ենթադրում է համալիր միջոցառումների իրականացում հետևյալ ուղղություններով`

— կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգի ընդունում գիտական, տնտեսական, հասարակական ու քաղաքական հիմնավորումներով,

— պետական գործառույթների իրականացման համար լիազորված անձանց իրավունքների, օրինական շահերի պաշտպանության և արժանավայել կենսամակարդակի ապահովում,

— պետական ծառայողների համակարգում բարոյական և կարգապահական նորմերի  ամրագրում,

— հասարակական վերահսկողության համար գործուն պայմանների և մեխանիզմների ապահովում,

— քաղաքացիների եկամուտների հայտարարագրման մեխանիզմների կատարելագործում,

— օրենքներով ամրագրվող սահմանափակումների և պատասխանատվության մեծացման կիրառմամբ բիզնեսի և քաղաքականության տարանջատման իրավակարգավորումների հետևողական զարգացում,

— ընդդիմության և քաղաքացիական հասարակության գործուն մասնակցությամբ ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին:

Մշակույթ

Արցախի Հանրապետության մշակութային քաղաքականության հիմնական նպատակն է՝ պահպանել և զարգացնել  ազգային մշակույթը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել հասարակության մեջ գոյություն ունեցող հոռի և ապազգային երևույթների վերացման ուղղությամբ:

ՀՅԴ-ն վերոհիշյալ ասպարեզում կարևորում է հետևյալ սկզբունքները`

— ապահովել մշակութային ծառայությունների հավասար հասանելիություն բնակչության բոլոր խավերի համար և տարածքային հավասարաչափ ներգրավվածություն,

-ապահովել քաղաքացիների՝ մշակութային ինքնադրսևորման լիակատար հնարավորություն,

— պայքար հակազգային բարքերի դեմ՝  հիմնական նպատակ ունենալով հայ ժողովրդի հոգևոր վերածննդի գործընթացը,

— համայնքներում մշակութային կյանքի աշխուժացում՝ մշակույթի տուն-դպրոց համագործակցության խրախուսմամբ, ինչպես նաև՝ արվեստի դպրոցների մասնաճյուղերի բացում գյուղերում,

— պետական օժանդակություն ստեղծագործական խմբերին,

— արտերկրում Արցախի մշակութային կյանքի ներկայացում,

— Սփյուռքի հետ կապերի ամրապնդում, արտերկրում գործող ՀՅԴ կառույցների ներուժի օգտագործում, նոր հարաբերությունների հաստատում միջազգային մշակութային կազմակերպությունների հետ,

 -պատմաճարտարապետական հուշարձանների վերանորոգման ծրագրերին ֆինանսական օգնության ցուցաբերում,

— հնագիտական ուսումնասիրությունների ընդլայնում:

Երիտասարդություն և սպորտ

ՀՅԴ-ն գտնում է, որ երկրի առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար երիտասարդությանը պետք է վերապահել երկրի զարգացման առաջմղիչ ուժի դերակատարությունը:

Դրան հասնելու համար անհրաժեշտ է՝

— երիտասարդության համար ստեղծել ինքնադրսևորման լիարժեք հնարավորություններ,

— երիտասարդական կազմակերպությունների համար ապահովել պետական աջակցության հավասար պայմաններ,

— համայնքների մշակութային տների վերածումը մշակույթի և երիտասարդության կենտրոնների,

— բնակարանային  խնդիրների  լուծման համար երիտասարդ ընտանիքներին ցուցաբերել համակողմանի սոցիալական աջակցություն`  տրամադրելով անտոկոս  հիպոթեքային վարկեր,

— հասցեագրված քաղաքականություն իրականացնել երիտասարդների զբաղվածության ապահովման ուղղությամբ,

— աջակցել տաղանդավոր և շնորհալի երիտասարդների գիտական, ստեղծագործական ծրագրերի իրականացմանը՝ ընդգրկելով պետպատվերի մեջ,

— նպաստել մանկական և երիտասարդական սպորտ-ֆիզկուլտուրային ակումբների, կենտրոնների, ճամբարների ստեղծմանը,

— մարզական կառույցները և հանրակրթական դպրոցներն ապահովել ժամանակակից մարզագույքով  և հանդերձանքով,

—  արժանվույն գնահատել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում առաջնակարգ արդյունքներ արձանագրած մարզիկներին և մարզիչներին,

—   զգալիորեն ավելացնել մարզական ֆեդերացիաներին հատկացվող ֆինանսական միջոցները,

— հարաբերությունների ընդլայնում միջազգային մարզական կազմակերպությունների հետ:

Հայրենադարձություն և վերաբնակեցում

Հայրենադարձությունը և վերաբնակեցումն Արցախի համար   ռազմավարական կարևորագույն խնդիր է, և ՀՅԴ-ն միշտ էլ աջակցել է այդ քաղաքականությանը: Մենք համոզված ենք, որ վերաբնակեցումն Արցախի հիմնահարցի լուծման ամենակարճ ճանապարհն է: Անհրաժեշտ է ստեղծել այդ աշխատանքների կազմակերպման և վերահսկողության գործնական համակարգ:

Ծրագրված նպատակային վերաբնակեցման քաղաքականությունը հնարավորություն կտա լուծել տնտեսական և  քաղաքական  մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես՝

— այն ռազմավարական նշանակություն ունի ԱՀ բնակչության աճի խթանման և երկրի անվտանգության ապահովման համար,

— կնպաստի ԱՀ տնտեսական զարգացմանը: Այդ առումով կարևոր է վերաբնակեցվող շրջանների և ԱՀ մյուս շրջանների միջև բնական տնտեսական կապերի ստեղծումը:

Վերոհիշյալ ծրագրի իրագործումն ենթադրում է`

— գյուղատնտեսական մթերքների վերամշակման փոքր արտադրամասերի ստեղծում, վերաբնակեցված շրջաններում գյուղատնտեսության և արտադրության զարգացման համար արտոնյալ վարկերի տրամադրում,

— բնակիչներին տրվող արտոնությունների տրամադրման դյուրացում,

—  հայրենադարձության համար բարենպաստ պայմանների ապահովում,

— Սփյուռքի ներուժի հնարավորինս լայն ընդգրկումով հայրենադարձության և վերաբնակեցման գործընթացի  համահայկականության ապահովում,

— վերաբնակեցման քաղաքականությանը զուգահեռ` ներգաղթի և ներքին միգրացիայի քաղաքականության ամրագրում` այդ նպատակով առաջին հերթին ԱՊՀ-ում և ՌԴ-ում ապրող արցախցիների համախմբում և հայրենիք վերադարձի կազմակերպում,

— առաջնահերթության կարգով սահմանամերձ տարածքների յուրացում,

— Արցախի տարածքների համաչափ զարգացման տեսլականից ելնելով` ստեղծել տնտեսության և հանրային կյանքի պահանջարկ ունեցող մասնագետների բանկ` դրա մեջ ներառելով ինչպես հանրապետության, ՀՀ-ի, այնպես էլ Սփյուռքի մեր հայրենակիցներին:

Աշխատանք և զբաղվածություն

Տնտեսական և սեփականության ձևերի վերաձևավորումներն առաջացրին էական փոփոխություններ աշխատանքային հարաբերությունների և բնակչության զբաղվածության բնագավառում:

Զբաղվածության ոլորտում պետության դերակատարությունը չպետք է սահմանափակվի անուղղակի միջամտությամբ: Պետությունը գործուն դերակատարություն պետք է ունենա բնակչության զբաղվածության և աշխատանքի ապահովման գործում:

Արդյունավետ և զարգացած աշխատաշուկայի ձևավորումը, առողջ, անվտանգ և ընդունելի պայմաններով աշխատանքի ապահովումն այն կարևոր դրույթներն են, որոնք պետք է ուղեցույց լինեն գործատու-աշխատող փոխհարաբերություններում:

Այս ոլորտում անհրաժեշտ է ստվերային հարաբերությունների դուրս մղում, զբաղվածության ոլորտների ընդլայնում, գործազրկության կրճատում, աշխատողների աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության ուժեղացում:

Աշխատանքի վարձատրության նվազագույն չափը պետք է սահմանվի կենսաապահովման նվազագույն զամբյուղի ոչ թե ձևական, այլ իրական արժեքի հաշվառմամբ:

Սոցիալական ոլորտ

Մեր երկիրը սոցիալական պետություն է, սա ամրագրված է ԱՀ Սահմանադրությամբ: Ելնելով այդ դրույթից պետական համակարգի հիմնական գործառույթներից մեկը պետք է լինի մարդկանց բարեկեցության ապահովումը և եկամուտների խելամիտ ու արդարացի վերաբաշխումը:

ՀՅԴ նախընտրական ծրագիրը հանրության հավանությանն արժանանալու պարագայում՝ սոցիալապես խոցելի և անպաշտպան շերտերը կենսական նվազագույն կարիքները բավարարելու հնարավորություն կունենան, իսկ նրանց  տրամադրվող պետական աջակցությունը լինելու է հասցեական ու նպատակային: Սոցիալապես անապահով շերտերի արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը պետության պարտականությունն է, որի կատարմանը հետամուտ ենք լինելու:

Աշխատանքը լինելու է մարդկանց սոցիալական ապահովության և պաշտպանվածության գրավականը: Աշխատանքով ապահովված մարդը չպետք է ունենա սոցիալական լուրջ խնդիր, իսկ նրա կենսաթոշակային տարիները պետք է լինեն ապահով:

Հայեցակարգային լուծմամբ երաշխավորել այն, որ որևէ ձևով հնարավոր չլինի արդեն իսկ ձեռք բերված սոցիալական առաջընթացը նվազեցնել, եթե այն պայմանավորված չէ այնպիսի օբյեկտիվ հանգամանքներով, ինչպիսիք ֆորսմաժորային դեպքերն են:

Սոցիալական բևեռացումը մեղմելու նպատակով նախատեսվում է`

— կարիքավորության աստիճանը ճիշտ որոշել և անցնել հասցեագրված սոցիալական օգնության: Դա թույլ կտա ավելի շատ միջոցներ ծախսել` հօգուտ  անապահով ընտանիքների,

— նոր ձևավորվող ընտանիքներին  նպատակային ֆինանսական աջակցություն ցուցաբերել,

— ծնելիութան աճի և բնակչության բնական վերարտադրողականության խրախուսման համար պետության ծրագրերն անընդհատ կատարելագործել,

— պարբերաբար բարձրացնել երեխայի ծննդյան նպաստի չափը և տարիքը, ներդնել երեխաների ծննդյան հաջորդականության պայմանական խրախուսման ամբողջական համակարգ: Երրորդ երեխայի ծննդյան հետ կապված նոր մոտեցում որդեգրել,

— զոհված ազատամարտիկների և հաշմանդամների ընտանիքներին համակողմանի հոգատարություն ցուցաբերել և էապես բարձրացնել նպաստները, ինչպես նաև համապատասխան օժանդակություն ցուցաբերել ձեռներեցությամբ զբաղվելու համար,

— արմատապես բարեփոխել ընտանեկան նպաստների համակարգը և պարբերաբար այն բարձրացնել,

— սպառողական զամբյուղի արժեքին մոտեցնելու տրամաբանությամբ՝ յուրաքանչյուր տարի բարձրացնել կենսաթոշակները,

— շարունակել բազմազավակ ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը,

— շարունակել և զարգացնել հիպոթեքային վարկավորումը՝ խրախուսելով գյուղական համայնքներում բնակարանային շինարարության գործընթացը,

— հնարավորություն ստեղծել, որպեսզի մարտական գործողությունների մասնակցած ԱՀ քաղաքացիները թոշակի իրավունք ձեռք բերելուց հետո ստանան զինված ուժերից զորացրված և նույնօրինակ կարգավիճակ ստացած զինծառայողներին հավասարեցված պարգևավճարը,

— ԱՀ-ում ընդլայնել ՀՕՄ-ի և բարեգործական մյուս կազմակերպությունների  գործունեությունը` ներառելով նոր ծրագրեր, որոնք միտված կլինեն աղքատության կրճատմանն ու սոցիալական լարվածության մեղմացմանը:

Առողջապահություն

Առողջապահության ոլորտում կարևորվում է կառավարման առավել արդյունավետ համակարգի ձևավորումը:

Բուժօգնության վճարովի ծառայությունների աճի և բնակչության  վճարունակության սուղ հնարավորությունների պայմաններում` հասարակության ստվար հատվածը զրկվում է ժամանակին բուժվելու և անհրաժեշտ դեղամիջոցներ ձեռք բերելու հնարավորությունից:

Պետական բյուջեից առողջապահությանը հատկացվող` առանց այն էլ սուղ միջոցների զգալի մասը նպատակաուղղված է համակարգի պահպանմանը: Արդյունքում տուժում են բուժհիմնարկներն ու բուժաշխատողները: Արմատական բարելավման կարիք է զգում նաև սննդամթերքի հետ կապված վերահսկողությունը և  բուժօգնության ստանդարտների և որակների վերահսկումը:

Այս բնագավառում արմատական փոփոխություններ կատարելու համար Դաշնակցությունը նախատեսում է`

—   բժշկական ծառայությունը բոլոր խավերի համար դարձնել անվճար,

— առանձնակի ուշադրություն դարձնել շրջանային և համայնքային առողջապահության զարգացմանը, վերջիններիս մասնագիտական և նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը,

— հեռավոր և սահմանամերձ բնակավայրերն ապահովել որակյալ բժշկական կադրերով և ծառայություններով,

— բուժաշխատողների աշխատավարձի ամենամյա բարձրացում իրականացնել, վերանայել բժիշկների վարձատրության համակարգը,

— բժշկական հաստատություններում նոր տեխնոլոգիաներ ներդնել,

— առողջապահության ոլորտում ներդնել ապահովագրական ֆինանսավորման համակարգ,

— բարելավել բժիշկների վերապատրաստման և մասնագիտական կատարելագործման գործընթացը,

— ձեռնարկել գործնական քայլեր անհրաժեշտ պարագաներում ԱՀ քաղաքացիների բուժումը հանրապետությունից դուրս կազմակերպելու համար: Այդ նպատակով բյուջեում համապատասխան գումարներ նախատեսել:

ԱրցախՀայաստանՍփյուռք հարաբերություններ

Արցախը հայ ժողովրդի  միասնության գաղափարական  և առարկայական առանցքն է: ԱՀ-ն, ելնելով համայն հայության ամբողջականության գաղափարի գիտակցումից, ազգային շահերը ներկայացնողի իր յուրահատուկ  գործոնով կարևոր դերակատարություն ունի հայության համախմբման  և հայապահպանման գործում:

Արցախ-Հայաստան-Սփյուռք բազմակողմանի կապերի ամրապնդումն ու զարգացումը պետք է հիմնված լինեն փոխշահավետ գործակցության վրա, որ ենթադրում է հետևյալ մոտեցումները`

— հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև համազգային փոխըմբռնման, փոխվստահության, միասնության և համախմբվածության մթնոլորտի ապահովում,

— համահայկական քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական խորհրդաժողովների, համաժողովների, հավաքների, ինչպես նաև այլ բնույթի միջոցառումների կազմակերպում ԱՀ-ում, իսկ ՀՀ-ում և արտերկրում անցկացվող նման միջոցառումներին՝ Արցախի մասնակցության ապահովում,

— ԱՀ, ՀՀ և Սփյուռքի միջև երկարաժամկետ համագործակցության ծրագրերի մշակում և իրականացում,

— համահայկական տեղեկատվական դաշտի ձևավորում և բազմակողմանի համագործակցության ծավալում,

— Սփյուռքի ներուժի, այդ թվում՝ գիտական, մասնագիտական և ֆինանսական մասնակցության ապահովում ԱՀ սոցիալ-տնտեսական հիմնահարցերի լուծման գործում:

Սիրելի՜ հայրենակից,

Վստահե՛ք  Դաշնակցությանը և 2020թ. մարտի 31-ից մասնակիցը դարձեք այս ծրագրի իրագործմանը, որի արդյունքում կունենանք կայուն երկիր, կանխատեսելի ապագա: