Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ նախագահը, անտեսելով Սահմանադրության պահպանման իր լիազորությունը, ստանձնելով պասիվ դիտորդի դեր, ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման տխրահռչակ օրենքը. իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Օրենքի գործողության ժամկետ էր սահմանված երկու ամիսը, եւ փաստացի այսօր այն արդեն լրանում է՝ մինչեւ ժամը 18-00։ Օրենքում առկա իրավական եւ բարոյական խնդիրներին մենք բազմիցս ենք անդրադարձել։
Եվ թեեւ Սահմանադրության կոպիտ խախտումներով ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի համապատկերին այս հարցը ստվերվել է, այնուհանդերձ չենք կարող չարձանագրել, որ ՍԴ դատավորները, որոնց վրա տարածվում էր օրենքը եւ որոնցից այսօրվա իշխանությունները փորձում են ամեն գնով ազատվել, փաստեցին իրենց բարձր պրոֆեսիանալիզմը, ըստ էության՝ չփոխանակեցին իրենց մասնագիտական բարոյականությունը առաջարկվող «կաշառքի» հետ։ Նրանք իսկական քաղաքացիներ են. հենց նման պայմաններում է կայանում քաղաքացին՝ որպես ինստիտուտ։
Այսօրվա իշխանության ներկայացուցիչներից շատերը դժվար կհասկանան այս քայլը, քանի որ նրանք բարձրաձայն խոսում են իրավական պետության մասին, սակայն մասնակցում են ամեն գնով ՍԴ դատավորներից ազատվելու հակաիրավական, հակասահմանադրական գործընթացին, իսկ որպես «երազած» դատական համակարգ պատկերացնում են յուրայիններով համալրված եւ կցորդ դատարանը։
Այսօր կարող ենք արձանագրել, որ ՍԴ դատավորներից յուրաքանչյուրի վարքագիծը սահմանադրական արդարադատությանը պատվով ծառայելու օրինակ կարող է լինել։ Վարքագիծ, որը զերծ էր ավելորդ աղմուկից եւ պաթոսից։ Բարեբախտաբար, հանրության բավականին լայն շրջանակներ պաշտպանեցին նրանց դիրքորոշումը՝ ստեղծելով արդյունավետ հանրային վահան՝ այսօրվա հակաօրինական միջավայրում։
Բայց առջեւում ՍԴ դատավորներին սպասում է նոր փորձություն։ Առաջիկա ամսվա ընթացքում նրանք արժանանալու են էժան հռետորաբանության, ասվելու են բաներ, որոնք սովորաբար հրապարակային գործիչներն իրենց թույլ չեն տալիս։ Հերթական անգամ թիրախավորվելու են ՍԴ դատավորները, պարզվելու է, որ Սահամանադրական դատարանը «ուղիղ եւ սարսափելի սպառնալիք է ժողովրդավարության համար եւ այսպիսի Սահմանադրական դատարանը ձեւավորվել է Հայաստանում ժողովրդավարության զարգացում թույլ չտալու համար», եւ որ շուտով ՍԴ-ն ազատելու է բոլոր կոռուպցիոներներին։ Թշնամի են հռչակվելու բոլոր նրանք, ովքեր չեն կիսում հանրաքվեի միջոցով ՍԴ դատավորներից ազատվելու «փայլուն» գաղափարը։
Հանրաքվեն վերածվելու է թշնամանքի քարոզի, արմատական պառակտման, պետականության հետ ոչ մի կապ չունեցող միջոցառման, իսկ երկիրը ներսից քայքայելու վնասն անհետեւանք չի մնալու. այն կարող է երկար եւ ավերիչ ազդեցություն ունենալ։
Հանրաքվեի օրն էլ կանցնի, բայց նստվածքը մնալու է։ Մեր պետությունը հայտնվելու է միջազգային կառույցների թիրախում, իսկ մի փուլ հետո սկսվելու է նաեւ իրավական գործընթաց։ Միջազգային կառույցների՝ արդեն իսկ եղած արձագանքներին հաջորդելու են ավելի կոշտ արձագանքներ, իսկ հանրաքվեի սահմանադրականությունը դառնալու է իրավապահների քննության առարկա։
Եվ վերջում կմնա էլի միջազգային կառույցների անաչառությունը կասկածի տակ դնելու, այդ կառույցներից պատասխան պահանջելու, տարբեր մանիպուլյացիաների դիմելու, ձեւակերպումները բոլորովին այլ ենթատեքստով ներկայացնելու, առավել անցանկալի դրույթները «մոռանալու» եւ հանրությունից թաքցնելու գործելաոճը, սակայն դրանից, մեծ հաշվով, շատ բան չի փոխվի։
Ամփոփելով՝ մեկ անգամ եւս գնահատենք բոլոր այն դատավորների կեցվածքը, որոնք զգացին պահի լրջությունը եւ կարողացան չտրվել հեշտ լուծման գնալու գայթակղությանը։ Սահմանադրական դատարանի դատավորը, մեծ հաշվով, պետք է կարողանա իրողությունները դիտարկել «ժամանակից դուրս», եւ նրանք վարվեցին հենց այդպես։