Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի արտգործնախարարությունը երեկ՝ փետրվարի 20-ին, հայտարարություն է տարածել առ այն, որ 2019 թվականի հոկտեմբերին Վրաստանում կիբերհարձակում է իրականացվել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից. հայտնում է Yerkir.am-ը՝ The Washington Post-ին հղումով:
Նշվում է՝ կիբերհարձակման հետևանքով խնդիրներ էին առաջացել հարյուրավոր կայքերի, այդ թվում ՝ Վրաստանի Առաջին ալիքի կայքում: Ժամանակավորապես խափանվել էր Վրաստանի ռադիոյի աշխատանքը:Կիբերհարձակումն իրականացվել էր նաև Վրաստանի նախագահի աշխատակազմի կայքի վրա: Կայքերը բացելու ընթացքում հայտնվում էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լուսանկարը՝ «Ես կվերադառնամ» տիտրերով:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացրած կիբերհարձակումը»,- ընդգծել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ու նշել, որ Նահանգները կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել նման գործողությունները Վրաստանում և այլ երկրներում:
Գերատեսչության կողմից տարածված հայտարարությունում միևնույն ժամանակ ասված է. «Կիբերտարածքի կայունությունը կախված է պետությունների պատասխանատու պահվածքից: Մենք կշարունակենք աշխատել միջազգային հանրության հետ։ Միաժամանակ մենք նաև խոստանում ենք Վրաստանին և նրա ժողովրդին, որ կաջակցենք կիբերանվտանգության ամրապնդմանը և կօգնենք դրա դեմ պայքարում: Մենք Վրաստանին կառաջարկենք լրացուցիչ հմտությունների զարգացում և տեխնիկական աջակցություն ՝ նման գործողություններից պաշտպանվելու նպատակով»:
Ի պատասխան՝ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային՝ 2019-ի հոկտեմբերին Վրաստանում գրանցված լայնածավալ կիբերհարձակման հարցում ցուցաբերած աջակցության համար:
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր՝ Վրաստանը մեղադրել էր ՌԴ-ին հաքերային հարձակում իրականացնելու մեջ: