կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-18 11:28
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի կին քաղաքացու ուղեբեռում կոնֆետների մեջ 5 կգ «ափիոն» է հայտնաբերվել. նա փորձել է Երևանից թռչել Կիև

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը։

ԱԱԾ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ փոխգործակցության արդյունքում, 2020 թ. փետրվարի 15-ին ստուգման է ենթարկվել մաքսային հսկման գոտին անցած Երևան-Կիև չվերթի կասկածելի ուղևորուհին՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, ում ուղեբեռում հայտնաբերվել է գործարանային փաթեթավորում ունեցող կոնֆետներում քողարկված առանձնապես խոշոր չափերով՝ 5 կիլոգրամ ընդհանուր քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, որը վերջինս փորձել է մաքսանենգ եղանակով Ուկրաինայի տարածքով տարանցիկ տեղափոխել Մեծ Բրիտանիա։

Հավելվում է՝ ուղևորը Թեհրան-Երևան ավիաչվերթով մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն 2020 թ. փետրվարի 12-ին և, բնակություն հաստատելով Երևանի հյուրանոցներից մեկում, նույն օրը Մեղրիի մաքսակետով Հայաստան ժամանած հանցակցից ստացել է Իրանից մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված հիշյալ թմրամիջոցների խմբաքանակը։

Հարուցվել է քրեական գործ: Օդանավակայանից բերման ենթարկված մաքսանենգը ձերբակալվել է, նույն օրը՝ Հայաստանի տարածքը լքելիս, ձերբակալվել է նաև վերջինիս հանցակիցը։

Կատարվում է նախաքննություն: