կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-03 15:24
Քաղաքական

Սեյրան Օհանյանն ամենաուրախն է լինելու «Զինվորական ծառայության» մասին օրենքի ընդունման համար. Տոնոյան

Սեյրան Օհանյանն ամենաուրախն է լինելու «Զինվորական ծառայության» մասին օրենքի ընդունման համար. Տոնոյան

ՀՀ ԱԻ նախարար, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ պաշտոնյաների տղաները եթե առողջ լինեն, կգնան առաջնագիծ: «Համոզված եմ, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի հավասարություն ստեղծվի»,- ասաց նա:

Նախարարը համակարծիք չէ այն տեսակետին, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագիծը բանակում մարդաքանակ ապահովելուն է միտված: «Այս օրինագիծը լուծում է ոչ միայն ձեր նշած` արդարության հարցը, այլ նաև, ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով, և ժամկետային զինվորական ծառայության պահպանման պայմաններում որոշակի կարգավորումներ է նախատեսում»,- ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ Սեյրան Օհանյանի օրոք չընդունվեց նման օրենսդրություն, Տոնոյանը պատասխանեց, որ սա գործընթաց է, որը մեկ նախարարը փոխանցում է հաջորդին: Նրա խոսքով՝ այս գործընթացի մեկնարկը նոր չէ, որ տրվել է` հիմքը դրվել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի օրոք:

«Այս մասին քննարկումներ նախկինում անցկացվել են: Ես կասեմ, որ Սեյրան Օհանյանը երևի ամենաուրախ մարդկանցից մեկն է լինելու, որ նման օրենսդրություն ընդունվի»,- ընդգծեց Տոնոյանը:

ԱԻ նախարարը, անդրադառնալով հարցին, արդյո՞ք մտավախություն չկա, որ տարկետման իրավունքի վերացումը արտագաղթի տեմպերի աճի կհանգեցնի, ասաց. «Ես կարծում եմ, որ ՀՀ անվտանգության համար ոչ մտահոգ մարդիկ… Էլ չշարունակեմ: Եթե կան այնպիսի մարդիկ, ովքեր երկրի անվտանգությունը չապահովելու պատճառով մեկնում են, ինձ համար այդ խավն ընդունելի չէ»:

Հարցին՝ փորձե՞լ են վերլուծել պատճառները, թե ինչո՞ւ են մարդիկ խուսափում պարտադիր զինվորական ծառայությունից, նախարարը պատասխանեց, որ եթե անվստահություն կա, համենայն դեպս, բանակի նկատմամբ չէ: Նրա գնահատմամբ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ընդունմամբ հնարավորինս փակվելու են բոլոր տարբերակները, որոնք հնարավորություն կտան խուսափելու ծառայությունից:

Ինչ վերաբերում է նրան՝ ինչու առաջնագծում պաշտոնյաների երեխաներ չկան, Դավիթ Տոնոյանն ասաց, որ համոզված է՝ առաջնագծում այսօր էլ կան պաշտոնյաների երեխաներ, բայց հրաժարվեց անուններ հնչեցնել: