կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-22 15:11
Հասարակություն

Նախագահը կմասնակցի Հոլոքոսթի հիշատակին նվիրված միջազգային համաժողովին

Նախագահը կմասնակցի Հոլոքոսթի հիշատակին նվիրված միջազգային համաժողովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հրավերով հունվարի 22-ին կմեկնի Իսրայել՝ մասնակցելու Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին:

«Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիտիզմի» խորագրով համաժողովը կանցկացվի Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում՝ նշանավորելով Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը և հաստատելով այն ուղերձը, որ հակասեմիտիզմը չպետք է տեղ ունենա ներկա աշխարհում։

Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված միջազգային կենտրոնում կհավաքվեն աշխարհի ավելի քան 40 պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Իսլանդիայի նախագահները, այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ. Yerkir.am-ին հայտնում են նախագահի աշխատակազմից: 

Պետությունների ղեկավարները ծաղկեպսակներ կդնեն Վարշավայի գետտոյի ապստամբության հուշակոթողին, որի հեղինակն աշխարհահռչակ հրեա քանդակագործ և նկարիչ Նաթան Ռապապորտն է:

Համաժողովը տեղի է ունենում Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի բարձր հովանու ներքո, կազմակերպվել է գիտնական և բարեգործ Մոշե Կանտորի ղեկավարությամբ գործող «Հոլոքոսթի հիշատակի համաշխարհային ֆորում» հիմնադրամի կողմից՝ Յադ Վաշեմի հետ համագործակցությամբ։

Երուսաղեմում Հայաստանի նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա համաժողովի մասնակից մի քանի երկրների ղեկավարների հետ։ Նախագահ Սարգսյանը կհանդիպի նաև Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի, Կնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնի, այլ պաշտոնյաների հետ, կայցելի Երուսաղեմի Հայոց պատրիարքարան։

Հայաստանի Հանրապետության նախագահը կայցելի նաև Իսրայելի գիտակրթական հաստատություններ։