կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-28 17:23
Քաղաքական

Հայաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման գործում. Փաշինյան

Հայաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման գործում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը. Yerkir.am-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակում և միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:

Իր խոսքում վարչապետը նշել է, որ Հայաստանը մտադիր է այսուհետ ևս շարունակել իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի արդյունավետության հետագա բարձրացման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում:

Այնուհետև վարչապետն անդրադարձել է մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակին, խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին:

ՀՀ կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ռազմատենչ նկրտումները բացարձակապես անհեռանկարային են և խաղաղ բանակցություններին և խնդրի խաղաղ լուծմանը այլընտրանք չկա: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ՀԱՊԿ երկրների անվտանգության համար: «Կարծում եմ, որ նոր էսկալացիան աղետալի հետևանքներ կթողնի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլ նաև նրանից դուրս: Ադրբեջանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, ովքեր, կորցնելով ազդեցությունը Սիրիայում, փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար: Ընդ որում՝ Ադրբեջանը աշխարհագրական առումով շատ հարմար հարթակ է, որի միջոցով ծայրահեղականները կարող են ծավալել իրենց գործունեությունը բոլոր ուղղություններով` հարավում, հյուսիսում, արևմուտքում և արևելքում»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Վարչապետի խոսքով` հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները: «Մենք անկեղծ ենք մեր՝ խաղաղության ձգտման մեջ և պատրաստ ենք հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կառուցողական երկխոսության` իմ ներկայացրած հայեցակարգի հիման վրա: Մենք կշարունակենք բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված միակ բանակցային ձևաչափի շրջանակներում, որին ՀԱՊԿ-ը բազմիցս հայտարարել է իր աջակցությունը: Այս համատեքստում ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Մինսկի խմբի ռուսական կողմի համանախագահությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև Սիրիայում տիրող իրավիճակին և կարևորել երկրում խաղաղության ու կայունության ամրապնդումը: «Այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները ծայրաստիճան մտահոգիչ են: Հայաստանը դատապարտեց վերջերս տեղի ունեցած Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք, որն ուղղակի սպառնալիք է ստեղծում այնտեղ բնակվող հայազգի բնակչության համար: Ազգային և կրոնական փոքրամասնությունները դառնում են ահաբեկիչների և նրանց հետևում կանգնածների հիմնական թիրախը: Բոլորս ցնցված էինք սիրիական Դեր Զոր նահանգի Ղամիշլի քաղաքի Հայ Կաթոլիկ եկեղեցու հոգևոր հովվի և նրա հոր դաժան սպանությունից։

Հարևան ինքնիշխան պետության տարածք բռնի միջամտության իրական պատճառներն ակնհայտ են և ոչ մի ընդհանուր բան չունեն Թուրքիայի կողմից հայտարարված խնդիրների հետ: Թուրքիայի Հանրապետության կողմից միջազգային իրավունքի սկզբունքների խախտումը անընդունելի է և պետք է միանշանակ դատապարտվի միջազգային հանրության կողմից:

Հայաստանը սատարում է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մենք կշարունակենք ցուցաբերել Սիրիայի բարեկամ ժողովրդին ամեն հնարավոր մարդասիրական օգնություն, որն այսօր նրանց համար այդքան անհրաժեշտ է»,- նշել է վարչապետը:

ՀՀ կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել կազմակերպությունում Ռուսաստանի նախագահությանը, որը համընկնում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը սատարում է նախագահության շրջանակներում առաջնահերթությունների իրականացմանը: