Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի հյուսիսային մասում ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի որոշումը եւ Թրամփի վարչակազմի նահանջը «Իսլամական պետությանը» թույլ տվեցին վերակազմավորվել եւ ուժեղացնել արտասահմանում հարձակումներ գործելու իր հնարավորությունները, ասվում է Պենտագոնի գլխավոր տեսուչի նոր զեկույցի մեջ, հայտնում է CNN-ը։
Պենտագոնի հետախուզության ռազմական գործակալության զեկույցում ասվում է, որ «ԻՊ-ն օգտագործեց Թուրքիայի ներխուժումը եւ ԱՄՆ-ի զորքերի հետագա դուրսբերումը Սիրիայի հյուսիսարեւելյան հատվածից, որպեսզի վերականգնի իր հնարավորություններն ու ռեսուրսները ինչպես Սիրիայում կարճաժամկետ հեռանկարում, այնպես էլ գլոբալ մասշտաբով երկարաժամկետ հեռանկարում»։
«Ամերիկյան զորքերի դուրսբերումն ու վերատեղակայումը նույնպես ազդեցին ԻՊ-ի դեմ պայքարի վրա, որը սպառնալիք է մնում տարածաշրջանում եւ ողջ աշխարհում»,- զեկույցի նախաբանում գրում է գլխավոր տեսուչի տեղակալ Գլեն Ֆայնը։
Խոսելով քրդական ուժերի մասին՝ Ֆայնը նշել է, որ «Սիրիայում քրդական ուժերի եւ ԱՄՆ-ի համատեղ գործողությունների նվազման հետ մեկտեղ, գրոհայինները, հավանաբար, կօգտվեն հակաահաբեկչական ճնշման կրճատումից, որպեսզի վերականգնեն իրենց գործողությունները Սիրիայում եւ ընդլայնեն իրենց հնարավորությունները տրանսազգային գրոհներ իրականացնելու համար»։
Զեկույցը, որն ընդգրկում է հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 25 շրջանը, ներկայացնում է Թրամփի վարչակազմի՝ հյուսիսարեւելյան Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշման եւ Թուրքիայի կողմից Ամերիկայի քուրդ դաշնակիցների վրա հարձակման հետեւանքների կործանարար պատկերը։
Հաշվետվությունում ասվում է, որ քրդերի վարժեցումը ժամանակավորապես դադարեցված է՝ չնայած ԻՊ շարունակվող սպառնալիքին։ Նշվում է, որ Թուրքիան ու նրա պրոքսի-ուժերը հազիվ թե պայքարեն ահաբեկչական խմբի հետ՝ չնայած Անկարայի դա անելու հրապարակային խոստումներին։ Ցնցումները Սիրիայի հյուսիս-արեւելքում դժվարացնում են ծանր հումանիտար պահանջների բավարարումը, որոնք առաջ են եկել թուրքական ներխուժման հետեւանքով։
Պենտագոնը չի վիճարկում զեկույցի եզրահանգումները՝ հայտարարելով, որ նրանք ընդունել են, որ ԻՊ-ը սպառնալիք կմնա, գնահատական, որը կիսում է ԻՊ-ի դեմ պայքարի Գլոբալ կոալիցիան։