Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թ-ի հոկտեմբերի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 227 հոդված, որոնցից 65-ը եղել է բացասական, 29-ը՝ դրական, 133-ը՝ չեզոք։
Տիկին Հակոբյանը լրատվականների ուշադրության կենտրոնում է։ ՀՀ վարչապետի տիկնոջ մասին գրվել են թե՛ դրական, թե՛ բացասական հոդվածներ։
Ըստ փորձագետ Անժելա Էլիբեգովայի՝ Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Կանայք հանուն խաղաղության» շարժման հայտարարությունները Ադրբեջանում ընկալվում են որպես թուլություն։
Լրատվականում հայտնվել է տեղեկություն՝ ըստ որի Աննա Հակոբյանի գլխավորած բարեգործական հիմնադրամում բանավոր հարցերին չեն պատասխանում։ Լրատվականը հարցում է ուղարկել հիմնադրամ՝ խնդրելով իրենց տրամադրել Նոյեմբերի 8-ին կայանալիք գալա ընթրիքի հրավիրյալներին ուղարկվող նամակը։ Ինչպես նշում է լրատվականը, քանի որ պատասխանն ուշացել է, հրապարակել են իրենց աղբյուրներով ձեռք բերված նամակը։ Լրատվականի հրապարակած նամակի համաձայն՝ հրավիրյալները կատեգորիաների են բաժանվել, որոնց առաջարկվել է 200.000-ից մինչև 10.000.000 դրամ փոխանցել հիմնադրամին։ Այս հրապարակումից հետո, Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը պատասխան է ուղարկել, որում նշել է, որ սա տարեկան գալա համերգն է և մեջբերել է միջազգային փորձը՝ ըստ որի հրավիրյալներին նախ ներկայացվում են բարեգործական հիմնադրամի նպատակները։
Մեկ այլ վերլուծականում ասված է. «Մարդիկ, ովքեր թալանել են, հիմնական միջոցները, թալանը 1.5 տարվա ընթացքում արդեն դուրս են բերել երկրից: Հետևաբար՝ մենք խնդիր ունենք, որ այդ գումարները մնան երկրում, աշխատեն: Դրա համար մի քանի իրավական ակտերով, տնտեսական համաներման ակտի միջոցով պետք է թալանածը որոշ չափով փորձենք վերադարձնել: Ավելին, երբ հղում ենք կատարում այդ հրապարակումներին, ապա տեսնում ենք, որ այդ թալանած միջոցները նույնիսկ գնում են դեպի տիկին Աննա Հակոբյանի ֆոնդեր, և նա էլ չի մերժում»:
Նշվում է, որ Աննա Հակոբյանի վարսահարդարը մասնակցել է 13 գործուղումների և ստացել է ավելի քան 10.5 միլիոն դրամ, որը վճարվել է պետական միջոցներից։
Որպես դրական՝ դիտարկվել են այն հրապարակումները ըստ որոնց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը միացել են վիրավոր զինվորների՝ «Հայկական Տիեզերք» անվանակոչված գորգի գործման աշխատանքներին։
Դրական է եղել նաև այն հրապարակումը՝ ըստ որի Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Աննա Հակոբյանի լուսանկարը և գրել է, որ կանանց ակտիվության իր տեսլականը չի հակասում հայկական ընտանիքի մասին իր պատկերացումներին։