Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին համապատասխան բանաձեւի հայամէտ քւէարկութիւնը քաղաքական յաղթանակ բնութագրելու հիմքը կայանում է նրանում, որ տասնամեակներ շարունակ նոյն քաղաքական դրդապատճառներով ու շահարկումների բերումով խոչընդոտւում էր նոյնիմաստ բանաձեւերի մինչեւիսկ քւէարկութիւնը:
Քաղաքական յաղթանակ էր, քանզի ստիպեց ու հարկադրեց համաշխարհային տեսա-լսողական ու յատկապէս համացանցային հեղինակաւոր ու ծանրակշիռ համընդհանուր լրատւադաշտին՝ չտրւելու խուսանաւող ու հաշւենկատ լրատւութեանը…
Քաղաքական յաղթանակ էր, առաւել եւս, քանզի հայութեան Համազգային Պահանջատիրութեան մեր կարեւորագոյն զէնքին՝ միասնականութեանը նոր շունչ ու նոր որակ է հաղորդում…
Քաղաքական յաղթանակ էր՝ նաեւ ու մանաւանդ յօգուտ հայոց պետական-դիւանագիտական գործընթացների, որովհետեւ թուրքական ժխտողականութիւնը դատապարտող նմանօրինակ բանաձեւերի կիրառմամբ աւելիով է երաշխաւորւում Հայաստանի եւ հայրենական Արցախի թէ՛ քաղաքական, թէ՛ աշխարհագրական եւ թէ՛ ժողովրդագրական անվտանգութիւնը…:
Ահաւասիկ, Հայոց Համազգային Պահանջատիրութեան ու հայոց արդարացի Դատի վախճանական նպատակին տանող եւ նոյն Դատին զինւորագրեալ յանձնախմբերի ու միւս կառոյցների յարատեւ, հետեւողական եւ երկարաշունչ պայքարի շնորհիւ տւեալ հանգրւանում ազգովի նւաճեցինք հերթական մի յաղթանակ, որն էլ հէնց ազգովի պարտաւորեցնող հանգամանք պէտք է սեպւի հայաշխարհի մտապատկերում՝ յաջորդական յաղթանակներն արձանագրել-ամրագրելու համար:
«ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքյան