կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-30 21:21
Հասարակություն

5 լրատվամիջոցից որն է դրական լուսաբանել վարչապետին, որը՝ բացասական. Մեդիա պաշտպան

5 լրատվամիջոցից որն է դրական լուսաբանել վարչապետին, որը՝ բացասական. Մեդիա պաշտպան

2019 թ-ի հոկտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի  անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ armlur.am-ը, yerkir.am-ը, armtimes.com-ը, azatutyun.am և araratnews.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում դիտարկվել է 359 հոդված։ Որոնցից 97-ը՝ բացասական, 24-ը՝ դրական, 238-ը՝ չեզոք են։

Վարչապետի մասին բացասական հոդվածները՝ ի տարբերություն նախորդ տասնօրյակի, գերազանցում են դրականներին։

Նիկոլ Փաշինյանը քննադատության է ենթարկվում Հրայր Թովմասյանի դեմ սկսված գործընթացի համար։ Ըստ տարբեր հասարակական և քաղաքական գործիչների՝ սա քաղաքական գործընթաց է։ Հրապարակումներից մեկում ասված է. «Եթե մեզ մեկ տարի առաջ ասեին, որ ինչ-որ մեկի հրաժարականը պարտադրելու համար իշխանությունն այդ անձի դեռահաս աղջիկներին կանչելու է ԱԱԾ, մենք դրան հաստատ չէինք հավատա՝ համարելով, որ զրպարտում են մեր հեղափոխական իշխանություններին եւ ժողովրդի ծոցից ելած Նիկոլ Փաշինյանին»։

Հրայր Թովմասյանի դստրերին ԱԱԾ հրավիրելուն անդրադարձել է նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը․ «Հրայրի աղջիկների՝ ԱԱԾ մտնելու էսօրվա մղձավանջն եմ նայում։ Էդ տեսարանը մտքերով ինձ տարավ 2017թ. մի ուշ երեկո, երբ Ազգային ժողովի սենյակներից մեկում խոսում էինք՝ ես ու Հրայրը, խոսում էինք մարդու ու քաղաքականության մասին։ Ու Հրայրը էդ երեկո ինձ մի բան պատմեց, որ, երևի, էսօր ամենալավ առիթն է, որ ես այն վերապատմեմ։ Վերապատմեմ հանուն վաղվա։ Հրայրը, ինքն իր արածից գոհ մարդու պայծառ աչքերով, ինձ երկար պատմում էր, թե ինչպես հեռավոր 2011 թվականին, երբ ինքը Արդարադատության նախարարն էր, տեղեկանում է այն մասին, որ «Կոշ» թե «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը ընկել կոտրել է ձեռքը։ Պատմում էր, որ իմանալուց հետո, որպես Արդարադատության նախարար, իր իրավասությունների շրջանակում գտնվող քիչ գործիքներից մեկին է դիմում ու սեփական նախաձեռնությամբ երկու թե երեք անգամ արտահերթ երկարաժամկետ ընտանեկան հանդիպման թույլտվություն է տալիս Նիկոլ Փաշինյանի ընտանիքին։ Հպարտ էր իր արածով: Հրայրը ճիշտ էր արել»։
Նշվում է, որ ՍԴ-ի դեմ տարվող գործընթացում ակտիվ մասնակցություն ունեն «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչները։ Ըստ լրատվականի հրապարակման՝ Գարեգին Չուգասզյանն օրերս բավական ուշ ժամի կառավարության շենքում է եղել և, ըստ որոշ տեղեկությունների, հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի հետ հանդիպումից հետո, «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը նշել է, որ ոչ մի պատասխան չեն ստացել` ո՛չ դրական, ո՛չ բացասական:

Դրական է գնահատվել Գյումրիում Հյուսիսային մաքսատուն բացելու լուրը, ինչպես նաևայն, որ Գյումրիում անապահով ընտանիքներին տուն գնելու համար նախատեսված փազլի վերջին կտորը Փաշինյանն է ամրացրել։
Yerevan.today-ը գրել է 109 հոդված, բացասական՝ 69, դրական 0, չեզոք 40
Կայքը հրապարակել է գրեթե բոլոր քննադատությունները, որոնք ուղղված են եղել իշխանություններին կամ Նիկոլ Փաշինյանին։ Անդրադարձ կա Հրայր Թովմասյանի գործին։ Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դելեգիտիմիզացիայի է տանում իրավական համակարգը։ Հայկ Ալումյանն էլ գրել է, որ այս գործընթացները սկսել են, որպեսզի դատարաններն ահաբեկվեն։ Կայքում տեղ է գտել նաև Վիտալի Բալասանյանի քննադատությունը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։

Armtimes.com-ը գրել է 77 հոդված, բացասական՝ 0, դրական 11, չեզոք 66
Կայքում տեղ է գտել վարչապետի այցը Գյումրի, որտեղ Նիկոլ Փաշինյանը փազլի մի հատվածն է ամրացնում։ Հրապարակվել է լուրը՝ ըստ որի Հյուսիսային մաքսատունն է բացվելու։ Նշվում է, որ վարչապետը տուրիստական բում է առաջացրել Գյումրիում։

armlur.am-ը գրել է 69 հոդված, բացասական՝ 4, դրական 5, չեզոք 60
Կայքը հրապարակել է Վիտալի Բալասանյանի քննադատական խոսքերը՝ ուղղված ներկա իշխանություններին։ Կայքում անդրադարձ կա Ryanair ընկերության Հայաստան մուտքին։ Կայքը․ մասնավորապես, գրել է. «Այն բանից հետո, երբ Հայաստանի բյուջեից 5 միլիոն դոլար տրամադրվեց հարկերի համար, Ryanair-ը իսկույն ևեթ համաձայնեց թռչել: Տաթևիկ Ռևազյանը պարզապես մեկնեց Եվրոպա և փոխանցեց Փաշինյանի որոշումը: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ Տաթևիկ Ռևազյանի արժանիքները այս ավիաընկերությունների մուտք գոծելում չկան: Այս որոշումը անձամբ Նիկոլ Փաշինյանինն է, դրանք բյուջետային գումարներ են»:
Կայքում հրապարակվել են նաև պատասխաններ՝ ուղղված Վիտալի Բալասանյանին և ի սատարում Նիկոլ Փաշինյանի։ Դրական է գնահատվել նաև այն լուրը՝ ըստ որի Նիկոլ Փաշինյանը կոշտ պատասխան է տվել Իլհամ Ալիևին։

Yerkir.am-ը գրել է 63 հոդված, բացասական՝ 24, դրական 3, չեզոք 36
Կայքում տեղ գտած քննադատական հոդվածները հիմնականում ՍԴ ի շուրջ ընթացող գործընթացներին են վերաբերում։ Հրապարակվել է Վիտալի Բալասանյանի տեսակետը, ինչպես նաև այն կարծիքը, ըստ որի Սասնա Ծռերը ՍԴ դեմ պայքարում առաջնամարտիկներից մեկն են։

azatutyun.am-ը գրել է 41 հոդված, բացասական՝ 0, դրական 5, չեզոք 36

Կայքում հրապարակվել է լուրը՝ ըստ որի Մաքսատուն է բացվելու Գյումրիում։ Հրապարակումներում կա կարծիք, որ Ալիևը՝ ի դեմս վարչապետի պատասխանի, արժանի հարված է ստացել։

Վերը նշվածից երևում է, որ կայքերն ունեն հստակ քաղաքական օրակարգ։ Կայքերից առնվազն 3-ում բացակայում են հակադիր կարծիքներ պարունակող հրապարկումները, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ դրանք չեն իրակացնում համակողմանի լուսաբանում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն