կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-22 15:42
Առանց Կատեգորիա

Դուք ազնիվ չեք և անփառունակորեն «միամիտ». Լիլիթ Գալստյան

Դուք ազնիվ չեք և անփառունակորեն «միամիտ». Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է». երեկվանից՝ եռման ջրի պես հանրության գլխին իջած այս բացահայտմանը փորձում եմ պատճառաբանություն գտնել կամ գնահատական տալ։ Մեղմ չի ստացվում, դիվանագիտական չի ստացվում, ոչ էլ՝ քաղաքական։ Սա պարզապես անազնիվ է և ոչ բարոյական։

Պատկերացնո՞ւմ եք, երբ մի քանի ամիս առաջ պարգևավճարների/դարձյալ գաղտնազերծված/ հանրահայտ դեպքերով հանրությունը ընդվզեց, փորձելով տրամաբանություն և ընթացակարգեր գտնել, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները պարզաբանումներ արեցին, արդարացան, թե՝ նախորդ ռեժիմի ժառանգություն է, վերատեսության կենթարկեն ու էլի հեքիաթներ․․․

Այո, հեքիաթներ, որովհետև հավանաբար դրան զուգահեռ ինչ-ինչ հավաքներում նախարարական աշխատավարձերի բարձրացման գաղտնի պակտն էր մշակվում։ Դուք ոչ միայն ազնիվ չեք, այլև անփառունակ «միամիտ», գուցե՝ չտես։ Ինչպե՞ս կարող եք մտածել, որ կարելի է կոծկել․․․ Կոծկել, ստել, խաբել, բայց՝ ու"մ։ Այն ժողովրդին, որի թևերով ու ոտքերով իշխանության եկա՞ք։ Այն ժողովրդին, որի անունը շահարկելով գաղտնի որոշումներ եք ընդունում։ Ես ու շատերը իրավունք ունենք մտածելու, որ դուք այդպես գաղտնի նաև ճակատագրական այլ որոշումներ կարող եք ընդունել։ Իսկ դուք համարյա թե ուղիղ դեմոկրատիա էիք հայտարարել, Հին Հռոմի հանգույն հրապարակն էր որոշում։

Անկեղծանամ․ ամեն անգամ փակ նիստ արտահայտությունը լսելիս՝ մտածել եմ՝ Արցախյան խնդրով մի հարց է։ Այնինչ․․․մինչ Ադրբեջանի 2020 թ․ պետական բյուջեի նախագծով պաշտպանական բյուջեն աճել է 20,9%-ով, ՀՀ Կառավարությունը որոշել է չավելացնել պաշտպանական բյուջեն՝ միջոցներն ուղղելով այլ, «խաղաղ» նպատակների։ Այդ խաղաղ նպատակներով էլ նախարարի աշխատավարձը դարձել է 1.5 միլիոն դրամ, փոխնախարարինը՝ 1 միլիոն 60 հազար դրամ, գլխավոր քարտուղարի աշխատավարձը՝ 870 հազար դրամ։

Արժանապատիվ ապրելու և վարձատրվելու իրավունք բոլորն ունեն, գուցե բարձր պատասխանատվություն ունեցողներն՝ առավել, բայց ինչո՞ւ գաղտնի և ՈՒՄԻ՞Ց գաղտնի։

Ոչ վաղ անցյալում դուք ժողովրդի կառավարությունն ու Ազգային ժողովն էիք․․․»: