Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադիրներից մեկի՝ Քրիստափոր Միքայելյանի ծննդյան օրն է. լրանում է նրա ծննդյան 160-ամյակը: Yerkir.am-ն այդ առիթով ներկայացնում է Գարեգին Նժդեհի ճառը՝ արտասանված 1924 թվականին Սոֆիայի գերեզմանատանը՝ Քրիստափոր Միքայելյանի հուշարձանի բացման առթիվ:
Մեծ մարդը.- Դա սպասուելիք օգնութիւնն է, մխիթարութիւնը: Մեսիան, որ ժամանակների մայրը երբեմն-երբեմն աշխարհ կ՛ուղարկէ այս կամ այն ժողովրդի և մարդկութեան համար:
Մեծ մարդը.- Պարզատես, վշտակիր, հերոս երևալով՝ հոգեկանօրէն կը փոխի իր միջավայրը: Նրանով կ՛արժէքավորուի, կ՛իմաստանայ, կը վեհանայ կեանքը: Նրա խօսքը կ՛ազդէ որպէս հրաշէկ կայծ՝ բռնկեցնելով իրեն հետ առնչող սրտերն ու զգացումները: Նրա ներկայութիւնը կ՛ազնուացնէ, կը թևաւորէ, կը գօտեպնդէ հոգիները: Նրա շնորհիւ անկարելին կը դառնայ միայն դժուարին, դժուարինը՝ կարելի: Երազները կը դառնան նպատակ, նպատակները՝ իրականութիւն: Կ՛փոխէ ժողովուրդի հոգեբանութիւնը, ճակատագիրը, պատմութիւնը:
Մեծ մարդը.- Դա Աստուած է, միայն այն անտարբերութեամբ, որ դա իրեն Աստուած կը զգայ միայն իր կեանքի որոշ վայրկեաններում և որպէս այդպիսին կը կերտէ իր յաւերժական, իր աստուածարժան գործերը:
Այդպիսին էր Քրիստափորը՝ Հայկական Պրոմեթէյը, մեր Յեղափոխութեան արարիչը, մեծ առաքեալը, մեծ վրիժակը:
Քրիստափորի հոգու և գործի մեծութիւնը պատկերացնել կարենալու համար դառնանք, մի վայրկեան, վերադառնանք մեր Յեղափոխութեան նախօրեակը՝ տեսնենք, թէ ի՞նչ էինք երէկ:
Աշխարհի ամենէն անիծապարտ բռնապետութեան արնոտ ձեռքով կը խաչուէր հայ ժողովուրդը:
Գողգոթայէն՝ Արևմտահայաստանէն կը բարձրանար աղաղակը հաւաքավառ խաչեցեալի.- օգնութիւն, փրկութիւն ինձ:
Իսկ մարդկութիւնը՝ յանցաւոր ու անտարբեր, կը պատասխանէր.
- Ծարա՞ւ ես, արբ արցունքդ…
- Կոտորւո՞ւմ ես, ջրի չա՞փ էլ արժէք չունի արիւնդ՝
- Կողոպտւո՞ւմ ես, տէր չես վաստակիդ՝ դու ես մաղաւոր, որովհետև թոյլ ես…
- Շղթաների մէ՞ջ կը ծնեն, կ՛ապրեն, կը մեռնեն զաւակներդ՝ դու ես մեղաւոր, որովհետև թոյլ ես…
- Կա՞խ է գլուխդ, խոնա՞րհ է ճակատդ, բռնութեան լծի տակ երկտակուա՞ծ է մեջքդ, պատուիդ տէր չե՞ս, ցեղիդ սրբազան լեզուէն օգտուելու իրաւունքն իսկ չունե՞ս, վաղո՞ւց է ինչ եկեղեցիներիդ զանգերի քաղցր ղօղանջը չես լսում, առանց իտէալի և վեհութեան կը սողա՞ս միայն – ստրո՞ւկ ես՝ դու ես մեղաւոր, դու, ի՞նչը մղեց քեզ միամտօրէն հաւատալու ցնորապաշտ Նազովրեցու վսեմ, բայց վտանգաւոր խօսքին: Ո՞վ ասաց, որ թոյլը մեղաւոր չէ, որ թոյլ է, և որ ուժեղը երախտիք չունի, որ ուժեղ է: Դու խաբուած ես, ժողովուրդ, որ զոհն ես քրիստոնէական բարոյախօսութեան, որ շարունակում է մնալ որպէս ներկ և շպար, որպէս քօղ և դիմակ ուժեղների հոգու համար: Թուլութիւնը,- ասում է աշխարհը,- ծնուած է սնուցանելու ուժը: Ուժն է ծնում իրաւունքը: Ուժեղին է աշխարհը, հայրենիքը, ազատութիւնը և ամէն ինչ:
- Ուզո՞ւմ ես վերջ տալ գերմարդկային տառապանքիդ, որի Շէյքսփիրը դեռ չէ յայտնուել: Ուզո՞ւմ ես վերջ տալ գողգոթայիդ, որի վրայ որպէս յոյսի ժողովուրդ, կը կմեռնես ամէն օր և չես մեռնի: Ուզո՞ւմ ես փրկուիլ.- եղիր ուժեղ, քանզի թոյլերը բարեկամ չունեն աշխարհում: Իսկ ուժիդ ապացոյցը տալու համար, ցոյց տուր երկու բան.- առաջինը, որ գիտես մեռնել գիտակցօրէն, կռւում գործօն և իմաստալի մահով, երկրորդը՝ որ գիտես մեռցնել: Ապացուցեցի՞ր այդ, ունեցա՞ր այդ երկու առաքինութիւնները, մասնաւորապէս առաջինը՝ փրկուած ես:
Այս էր աշխարհը հայկական գողգոթայի հանդէպ: Այսպէս կը պատասխանէր մարդկութիւնը մահուան դատապարտուած այս ժողովուրդին, որը չէր ուզէր մեռնիլ, բայց չէր կարող և ապրել:
90-ական թուականներին ուժգնօրէն զգացուեց Քրիստափորի շունչը: Նրա դրօշի տակ հաւաքուած հասարակական բանակը – կուսակցութիւնը արդէն խռովել է մահուան լռութիւնը: Հոգեպէս կը լարուի ժողովուրդը: Նրա որդիները որպէս ապստամբ կը նետուին լեռները, արիաբար կը չափուին բանակների հետ՝ կ՛անգիտանան վտանգը, կ՛արհամարհեն մահը, ժպիտը երեսներին կը բարձրանան կախաղանները, բաց ու բարձր ճակատով կ՛երևան աքսորի ճանապարհներին, կը պայթին մի շարք ապստամբութիւններ՝ մէկը միւսեն հերոսական ու հիասքանչ, տեղի կ՛ունենայ արշաւանքների մի ամբողջ շարք՝ մէկը միւսեն յանդուգն ու փառաւոր, օրէց օր կը խորանայ պայքարը, լեռների վրայ կը բազմանան յեղափոխական խմբերը, անհաւասար կռիւներում կը դարբնուի լեգենդար ֆեդայի, ազատամարտը կը ծնի հերոսներ, կը հարստացնի մեր ցեղի հերոսական մարտիրոսութիւնը, նրա փառատաճարը: Ի լրումն այդ բոլորի մի օր բռնակալի որջում՝ Ստամբոլում կը պայթի, կը գոռայ դժոխային մեքենան – Սուլթանասպանութեան փորձը – ծնունդ Քրիստափորի տիտանական մտքի և զգացումի, մի յանդուգն մահափորձ, որի մասին եւրոպական «Ֆրանքֆուրտեր Ցայտունգ»ը կ՛արձանագրէր. «Հայկական ուժանակը դղրդեցրեց ոչ միայն Պոլիսը, այլև ամբողջ աշխարհը»:
Հետևա՞նքը:
Կրաւորական նահատակութեան փոխարէն - նշան մեր երէկուան թուլութեան – պատճառը օտարների դէպի մեզ տածած սպանիչ արգահատանքի – մեր ժողովրդի վերջին տարիների հերոսականը՝ արժէքը անկախ հայրենիք ունենալու իրաւունքի:
Քրիստափորը վառելով մեր ժողովրդի հոգու մէջ ինքնայարգանքի զգացումը, կը դարձնէ նրան արժանի մարդկութեան յարգանքին:
Մարդկութեան պատմութիւնը այլ բան չէ, քան պատմութիւնը ազգերի արժանապատւութեան համար մղուած պայքարի: Շնորհուած արժէքների և արժանապատւութեան փոխարէն, ինքնանուաճ ազգային արժանապատւութիւն և ինքնաստեղծ արժէքներ: Այն, ինչ որ այսօր ունինք, այն, ինչ որ մեզ տուել է քաղաքական կշիռ, այն, ինչ նոր շատ բան է աւելացրել մեր ազատութեան արժանի համարուելու իրաւունքին, չէ մոռացուած, չէ շնորհուած՝ դա ձեռք է բերուած երկարատև և հերոսական պայքարով:
Քրիստափորի շնորհիւ քաղաքական մուրացիկը կը դառնայ մարտիկ:
Գաղթականութիւնները կամ կը կորչին, կամ կը յարմարուին օտար միջավայրին: Հայը բնաւեր՝ չի կորցնի իր ազգային դիմագիծը, նա չի ապազգայնանայ, որովհետև մեծ հայու շնորհիւ իր հոգու մէջ և իր շուրջը կը կրի հոգևոր հայրենիքը, որովհետև օտար միջավայրերում հոգեպէս կ՛ապրի իր հայրենիքում:
Մեր վերջին վեց տարուան պատմութիւնը – տխուր նկարագրութիւնը մեզ հետ կատարուածի, Քրիստափորի օրօք և նրանից յետոյ կը դառնայ պատմութիւնը այն բանի, ինչ որ մենք կը կատարենք մեր թշնամիների հետ: Քրիստափորը կը փրկէ հայ պատմութեան արժանապատւութիւնը:
Սեղմ ասած՝ շնորհիւ Քրիստափորի օտար լծերի տակ ստրկօրէն հոգեվարող հոգևոր հօտի փոխարէն այսօր կայ անկախ ստեղծագործ քաղաքական ժողովուրդը և յաւիտենական արժէքներից՝ Մայիս 28ը: Այսօր քսաներորդ դարաշէմքում կանգնած՝ հայութիւնը նախայեղափոխական շրջանի ստրուկների և առևտրական միջնորդների արհամարհուած հօտը չէ, որին աշխարհը կը զլանար անկախութեան իրաւունքը, այլ մարդկութեան գնահատանքին արժանացած քաղաքական մի ժողովուրդ՝ վիրաւոր, բայց ազատ հայրենիքն ունենալու իրաւունքը ձեռքին: Մի ժողովուրդ, որ Քրիստափորի թողած անմեռ արժէքների գիտակցութեամբ և պաշտամունքով կը շարունակէ գոռալ մարդկութեան երեսին. «Ոչ ոքի ի վնաս, իմ և մարդկութեան երջանկութեան համար անկախ ապրիլ կ՛ուզեմ»:
Փառք հայ ժողովուրդի հոգեբանութիւնը, ճակատագիրը և պատմութիւնը վերաստեղծող մեծ Քրիստափորին:
Թող ապրին նրա թողած արժէքները:
«Հայաստան», Պլովդիվ, 1924 թ. թիւ 29