կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-28 17:40
Հասարակություն

Գլոբալիզմը Հայաստանում ավելի կարմատացնի սոցիալ-տնտեսական անհավասարությունը. «Կամք» նախաձեռնություն

Գլոբալիզմը Հայաստանում ավելի կարմատացնի սոցիալ-տնտեսական անհավասարությունը. «Կամք» նախաձեռնություն

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված տնտեսական եւ իրավական հեղափոխությունը, անտարակույս, դրական ներուժ է ձեւավորել եւ հիմքեր է ստեղծում հավատալու, որ մեր երկրի սոցիալտնտեսական ոլորտում շուտով կսկսի տեղաշարժ արձանագրվել: Մյուս կողմից, սակայն, գլոբալիզմի արագընթաց ներխուժումը Հայաստան, անհանգստացնում է մեզ, որովհետեւ բոլորիս հայտնի է, որ գլոբալիզմն իր մեջ նույն վտանգներն է պարունակում, ինչ նախկին իշխանությունների կողմից ներմուծված եւ երկրում աղետներ գործած ծայրահեղ լիբերալիզմը: Գլոբալիզմը Հայաստանում ավելի կարմատացնի սոցիալ-տնտեսական անհավասարությունն ու նոր, ավելի վտանգավոր բնույթ կհաղորդի մեզանում արմատացած անարդարությանը: Ավելի կմեկուսացնի սովետական կարգերի փլուզումից հետո` տնտեսությունից դուրս մնացած խավերին, եւ չի կարգավորի հայրենի հարստության արդար վերաբաշխումը բոլոր խավերի միջեւ: Իսկ խոստացված ժողովրդավարության հիմքը չի կարող լինել այլ բան, քան հայրենի հարստության արդար վերաբաշխումը երկրի ողջ ազգաբնակչության մեջ եւ ոչ դրանց արտահանումը դեպի արտասահման:

Հիմնվելով վերոհիշյալ մտահոգությունների վրա` հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը, 2019 թվականի աշնանից կծավալի Հայաստանի տնտեսական զարգացման արդար կազմակերպման պաշտպանության գործընթաց, որի մանրամասները կհրապարակվեն շուտով: Այս ծրագրի շրջանակներում, 2019 թվականի սեպտեմբերի 18-ին «Կամք»-ը հուշագիր է ստորագրել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման համակարգող խմբի հետ: Մեր երկրում 2018 թվականի հեղափոխությունը իրականացրել է ժողովուրդը, այդ արդար ցասումը մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումներից է, որի համար էլ հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը պարտք է զգում՝ ի գին ամեն բանի, պաշտպանել նրանում ամբողջ ժողովրդի արդար իրավունքների ապահովման գրավականը: