կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-12 14:19
Հասարակություն

Արդեն 87 օր է՝ պայքարում ենք, չենք դադարեցրել պայքարը և խոստանում ենք առաջիկա օրերին է՛լ ավելի խստացնել այն․ «Կամք» հասարակական նախաձեռնություն

Արդեն 87 օր է՝ պայքարում ենք, չենք դադարեցրել պայքարը և խոստանում ենք առաջիկա օրերին է՛լ ավելի խստացնել այն․ «Կամք» հասարակական նախաձեռնություն

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․ «Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի իրեն երկար չսպասեցնել չտվող եզրակացությունը, որը պնդում է, թե տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան չի հակասում ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին։ Դա մեզ չի զարմացնում, որովհետև մեր սահմանադրությունը «մեզ թույլ է տալիս» զիջել Արցախը, օրինականացնել թմրաբիզնեսը և նման շատ բաներ, որոնք մեր ժողովուրդը երբեք թույլ չի տալու։

Մենք Վենետիկի հանձնաժողովի դեմ ոչինչ չունենք, նրանք պատասխանել են ՀՀ Արդարադատության նախարարության տված հարցին, իսկ այդ հարցի պատասխանը նախարարն ի սկզբանե գիտեր, պարզապես փորձում էր մեղքի պատասխանատվությունը դնել Վենետիկի հանձնաժողովի վրա՝ կարծիք ստեղծելով, որ, եթե Վենետիկի հանձնաժողովն ասաց, ուրեմն պետք է վավերացնենք։

Սակայն, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը նեղ մասնագիտական է և չունի ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական ուժ մեր պետության վրա։ Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հորդորում է ՀՀ իշխանություններին և մասնավորապես Արդարադատության նախարարությանը՝ զերծ մնալ Ստամբուլյան կոնվենցիան Ազգային ժողով մտցնելու անհեռատես և ազգադավ փորձից։ Հայ ժողովուրդը դեմ է ո՛չ միայն Ստամբուլյան կոնվենցիային, այլև բոլոր տեսակի նախաձեռնություններին, որոնք կվտանգեն մեր ժողովրդի ավանդական արժեհամակարգը։

Այս կոնվենցիայի հարցով՝ մեր ժողովուրդն արդեն խոսել է, այն չի՛ վավերացվելու։ Եվ մենք պատասխանատու հայտարարում ենք՝ ոչինչ չի կանգնեցնելու մեզ մեր հայրենիքը կործանման տանող նման ազգադավ ոտնձգությունները կանխելու, չեզոքացնելու ճանապարհին։ Արդեն 87 օր է՝ պայքարում ենք, չենք դադարեցրել պայքարը և խոստանում ենք առաջիկա օրերին է՛լ ավելի խստացնել այն։

Վերջում ցանկանում ենք Նիկոլ Փաշինյանի վարչահամակարգին խորհուրդ տալ՝ մեզ չդարձնել հակառակորդ։ Մեզ վրա կատարված հարձակումների համար մեզ մեղադրյալ ճանաչելով, քոչարյանական հռչակելով մեզ չե՛ք կանգնեցնի, որովհետև այս դեպքում մենք կատարում ենք միմիայն ժողովրդի կամքը։

Մի քանի օրից լրանում է մեր շարժման մեկ տարին, հոկտեմբերի 18-ին՝ հոբելյանի օրը, մենք հանդես կգանք մամլո ասուլիսով»։