կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-17 19:27
Հասարակություն

Ցուրտ եղանակին խրախուսվում է բնական նյութերից հագուստ և կոշիկ կրելը. ՀՀ առողջապահության նախարարություն

Ցուրտ եղանակին խրախուսվում է բնական նյութերից հագուստ և կոշիկ կրելը. ՀՀ առողջապահության նախարարություն

Եղանակային ցուրտ պայմանները շատերին են ստիպում վերանայել սովորական դարձած կենսակերպը: Ցրտի պատճառով մարդիկ ավելի քիչ են շարժվում, զբոսանքները, համեմատաբար շարժուն կենսակերպը, փոքրիկների բակային խաղերը փոխարինվում են նստակյաց վիճակով: Բազմիցս ապացուցվել է, որ արևի բացակայությունը ևս իր ազդեցությունն է ունենում մարդկանց հոգեվիճակի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նաև դա է պատճառը, որ ձմեռային ամիսներին նկատելիորեն ընկնում է մարդկանց ընդհանուր դիմադրողականությունը, աշխատունակությունը, բարձրանում է հիվանդությունների նկատմամբ ընկալունակությունը: Այս առումով խոցելի են և առանձնահատուկ խնամք են պահանջում փոքրիկները:

Ներկայացնում ենք մի քանի հիմնական նրբություն, որը ցանկալի է կիրառել փոքրիկների խնամքը կազմակերպելիս: Ընդ որում՝ կարևոր է թե՛ սննդակարգի, թե առօրյա ռեժիմի վերանայումը:

– Պետք է հատուկ ուշադրություն դարձնել հագուստին: Հատկապես ցուրտ եղանակին խրախուսվում է բնական նյութերից հագուստ և կոշիկ կրելը:
– Խորհուրդ չի տրվում մինչև հինգ տարեկան փոքրիկներին զբոսանքի տանել, եթե ջերմաստիճանը ցածր է 5-ից:
– Թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական տարիքի երեխաների համար պետք է կազմակերպել սենյակային, չափավոր ակտիվ խաղեր, մարզանքներ՝ լրացնելու շարժման պակասը: Միևնույն ժամանակ, կարևոր է այս ընթացքում սենյակի օդափոխությունն ապահովել:

– Մասնագետների դիտարկումներով՝ ձմեռն այն ժամանակահատվածն է, երբ երեխաներն ամենաշատ ժամանակն են անցկացնում հեռուստացույցի և համակարգչի առջև: Պետք է սահմանափակել գաջեթների կիրառությունը՝ փոխարինելով դրանք կենդանի շփումներով, ընթերցանությամբ:
– Կոփեք ձեր երեխաներին՝ խրախուսելով ձմռան ամիսներին օրվա մեջ 1-2 անգամ սառը ջրով լվացվելը:
– Ձմռան ամիսներին անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել փոքրիկների սննդակարգին՝ ձմեռային սնունդը պետք է լինի դյուրամարս, հավասարակշռված, միևնույն ժամանակ՝ վիտամիններով ու հանքանյութերով հագեցած:

– Հատուկ հսկողություն է պետք սահմանել երեխաների քնի նկատմամբ: Այս եղանակին նրանք դժվարությամբ են արթնանում առավոտյան, ինչն էլ նախապայման է ստեղծում ուշ ժամի քնելու: Այսպիսով, նրանք օրն անցկացնում են նյարդային և անհանգիստ:
Նշված իրավիճակները, ինչպես նաև դրանց հետևանքները ծանոթ են բոլոր ծնողներին: Պարզապես պետք է զգոն լինել, եղանակին համահունչ փոփոխել նաև փոքրիկների կենսակերպը: