կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-16 17:17
Տարածաշրջան

Ստամբուլում բացվել է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին նվիրված թանգարան

Ստամբուլում բացվել է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին նվիրված թանգարան

Թուրքիայում երեկ` հուլիսի 15-ին, նշվում էր 2016 թ. անհաջող ռազմական հեղաշրջման երրորդ տարելիցը: Թանգարան է բացել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թանգարանը գտնվում է Ստամբուլի եվրոպական և ասիական մասերն իրար կապող կամրջի ասիական մասի մոտակայքում: Վերոնշյալ կամուրջը հեղաշրջման փորձի ժամանակ քաղաքացիների և զինվորականների բախման գլխավոր կետն էր և հեղաշրջման փորձից հետո անվանակոչվել էր Հուլիսի 15-ի զոհերի կամուրջ:

251 հոգու կյանք խլած հեղաշրջման փորձին նվիրված թանգարանում ցուցադրված են այդ գիշերվան վերաբերող բազմաթիվ լուսանկարներ, իրեր, տանկերի կողմից ճզմված մեքենա, զոհերին պատկանող իրեր, ինչպես նաև CNN Türk-ի լրագրող, հաղորդավար Հանդե Ֆըրաթին պատկանող այն հեռախոսը, որով Էրդողանը  կապ էր հաստատել FaceTime-ով, և հենց այդ դրվագն էր համարվում հեղաշրջման փորձի գլխավոր շրջադարձային կետը. Էրդողանը կոչ էր արել ուղիղ եթերով քաղաքացիներին` դուրս գալ փողոց և պայքարել հեղաշրջումն իրականացնողների դեմ:

Ըստ պաշտոնական տվյալների` հեղաշրջման փորձը կազմակերպել է Թուրքիայում և սահմաններից դուրս մեծ հեղինակություն վայելող, ազդեցիկ գործիչ, աստվածաբան, կրոնական ուսուցիչ և քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որը ժամանակին Էրդողանի հետ շատ մտերիմ էր: Բացի դրանից` շրջանառվում են նաև լուրեր, թե հեղաշրջման փորձը Էրդողանի կողմից կազմակերպված շոու էր, որի նպատակը երկրում և սահմաններից դուրս բազմաթիվկրոնական հաստատություններ, դպրոցներ ունեցող Գյուլենին, ինչպես նաև մի շարք ոչ ցանկալի բարձրաստիճան ռազմական գործիչների ասպարեզից հեռացնելն էր:

Նշենք նաև, որ նմանատիպ թանգարան է բացվել նաև Անկարայում: