կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-09 15:58
Հասարակություն

Հրաչ Հակոբյանը գործընկերոջ «էքսկուրսիայի» մասին «նեյտրալ» կարծիք ունի

Հրաչ Հակոբյանը գործընկերոջ «էքսկուրսիայի» մասին «նեյտրալ» կարծիք ունի

Խորհրդարանական  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին թիմակցի` պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագծից:

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում  Հայկ Սարգսյանը պարուհիների հետ նախագահական նստավայրում «էքսկուրսիա» էր անցկացնում:

Հակոբյանն ասաց, որ տեսանյութը տեսել է, այնտեղ Հայկ Սարգսյանը չի երևում, ինչի մասին գրել է նաև Սարգսյանը, նաև` որ բազմաթիվ մարդիկ են այս ընթացքում եղել նախագահականում:

«Նա հերքել է, որ դա իր մասնակցությամբ է եղել: Տեսանյութը տեսել եմ՝ թե՛ նախագահականինը, թե՛ մյուսները: Ավելի բան չգիտեմ»,- ասաց Հակոբյանը՝ կարծիք հայտնելով, որ գործընկերոջ շուրջն աղմուկը գուցե այն պատճառով է, որ լրատվամիջոցներն ու լրագրողները թիրախավորել են նրան:

Դիտարկմանը, թե գուցե պատահական չէ, որ հենց նա է հայտնվում լրագրողների ուշադրության կենտրոնում, արձագանքեց` դրա պատասխանը հստակ չունի: «Երևի մեկ-երկու աղմկահարույց դեպքերից հետո՝ թեկուզ այն մեքենայի դեպքը եղավ, դրանից հետո սկսվեց: Լրագրողները սիրում են ունենալ մի այդպիսի կերպար, որ նյութ չեղած ժամանակ այդ մարդու դեմ պեղեն, մի բան գտնեն»,- նշեց պատգամավորը:

Դիտարկմանը, թե, ըստ շրջանառվող լուրերի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարգսյանից պահանջել է «աչքին չերևալ», Հակոբյանը պատասխանեց. «Խմբակցությունում քննարկում չի եղել, այլ հարթակներից տեղյակ չեմ»:

ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանի արտահայտած կարծիքին անդրադառնալով, թե նախագահականի «էքսկուրսիայից» հետո իմքայլական պատգամավորը պետք է վայր դնի մանդատը՝ Հակոբյանն այսպես արձագանքեց. «Մարդն արդեն հերքել է, թող հիմա ապացույցներ ներկայացնեն, որ, այո, դա նրա հետ է եղել, նա է եղել: Հերքման տեքստի հետ Հայկ Սարգսյանը դրել է բազմաթիվ ֆոտոներ, որտեղ մարդիկ նախագահականի ներսում, այդ աթոռներին նստած, նկարված են»:

Լրագրողների հակադարձմանը, թե այդ լուսանկարներն արվել են հատուկ միջոցառումների ժամանակ, ու այնպես չէ, որ ցանկացած անձ, երբ ցանկանա, կարող է ազատ մուտք գործել նախագահական, Հակոբյանը կրկնեց` տեսանյութում  Հայկ Սարգսյանին չի տեսնում: «Ուրեմն չեմ հավատում ո՛չ հրապարակմանը, ո՛չ հերքմանը, ես նեյտրալ եմ, ինձ համար այդ պատմությունը չկա ուղղակի, քանի ես չեմ տեսել, որ Հայկ Սարգսյանն ինչ-որ աղջկա հետ նախագահականում ֆոտո, սելֆի է արել»,-  ամփոփեց նա: