կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-21 15:20
Իրավական

Վիգեն Քոչարյանն առաջադրվեց որպես ԲԴԽ նոր անդամի թեկնածու

Վիգեն Քոչարյանն առաջադրվեց որպես ԲԴԽ նոր անդամի թեկնածու

ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու: Այսօր խորհրդանում արտահերթ նիստի ժամանակ նրան ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նա նախ ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը, որից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը Մակունցին հարցրեց՝ ինչպե՞ս և ի՞նչ հանգամանքներում է իշխանական խմբակցության ընտրությունը կանգ առել հենց Վիգեն Քոչարյանի թեկնածության վրա։ 

Մակունցը պատասխանեց. «Մեր կողմից ստեղծված պետական-իրավական հանձնաժողովի աշխատանքային խումբը, պահանջներին համապատասխան, առանձնացրել է այն ցուցակը, որը, կարծում ենք, նպատակահարմար կարող է լինել առաջադրելու համար։ Հաշվի են առնվել նաև չափանիշները՝ արդյո՞ք տվյալ թեկնածուն հակված է դատաիրավական բարեփոխումներին նպաստելուն։ Այս հանգամանքներով պայմանավորված՝ առանձնացրել ենք թեկնածուներին, որոնց հետ նախապես որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, դա է պատճառը, որ նրանք տեղյակ չեն լինում իրականում, որ մենք նկատի ենք ունեցել նրանց թեկնածությունը։ Չափազանց կարևոր է անաչառության սկզբունքը»:

Բաբաջանյանն արձագանքեց. «Փաստորեն, այն փաստը, որ Վիգեն Քոչարյանը երեկ երեկոյան ժամը 5-ին է իմացել, որ առաջադրվել է այդ պաշտոնում, դա ստրատեգիա՞ է և ոչ թե բացթողում»: Մակունցը պատգամավորին դրական պատասխան տվեց։

Նշենք նաև, որ ԲԴԽ անդամի թեկնածու Վիգեն Քոչարյանն իր ելույթում մանրամասնեց, որ մեծ պատիվ է առաջադրվել ԲԴԽ անդամի պաշտոնում և բարձր պատասխանատվություն։