կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-24 14:05
Մշակույթ

"Վերադառնում եմ, մոռացե՛ք"

"Վերադառնում եմ, մոռացե՛ք"

Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Վերադառնում եմ, մոռացե՛ք» առաջին հայկական մոնոդրամայի ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա վաղը` ժամը 15-ին, «Բյուրոկրատ» գրախանութում:

 

«Այն երկլեզու է` հայերեն եւ ռուսերեն: Հայերենը կարդում է Անետ Հարությունյանը, իսկ ռուսերենը` Տաթեւիկ Մելքոնյանը: Մոնոտոն ընթերցանություն չէ` կան հույզեր, անհրաժեշտ աղմուկ եւ այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարդու մոտ պատկեր ստեղծելու համար»,- ասաց  Կ. Խոդիկյանը:

 

«Վերադառնում եմ, մոռացե՛ք» ստեղծագործությունը գրվել է 2003-ին` հատուկ «Արմմոնո» թատերական փառատոնի եւ դերասանուհի Նարե Հայկազյանի համար: Այն ներկայացնում է մի կնոջ պատմություն, որի կյանքի ընթացքը կարող է նաեւ մերը լինել: Եվ որքան էլ  հերոսուհին դժվարությունների եւ փորձությունների միջով է անցել, նա կարողանում է հումորով նայել անցածին:

 

Անդրադառնալով գրող-ընթերցող կապին` Խոդիկյանը նշեց, որ ընթերցողն իր գրողին կորցրել է: «Բայց սա չէ միակ պատճառը, որ մարդիկ քիչ են կարդում. եթե ստեղծագործությունդ լինի ժամանակի շնչով եւ արժանի մատուցվի, ապա վստահ եմ, որ կհասնի ընթերցողին»,- կարծում է դրամատուրգը:

 

Իսկ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ վերջին տարիներին հրատարակիչները քայլ են անում դեպի ընթերցող եւ փորձում ընթերցանության ավանդույթը վերականգնել: «Վստահաբար պետք է ասել, որ ինտերնետը երբեք գրքի տեղը չի զբաղեցնի: Ուղղակի անհրաժեշտ է, օրինակ, երեխաների համար խաղը եւ գիրքն անբաժանելի դարձնել»,- ասաց նա` ցույց տալով բազմաթիվ գրքեր, որոնք խաղալիքի տեսքով էին, անգամ ձայներ էին արձակում:

 

Ա. Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ ընթերցող-գրող կապի ընդհատման պատճառներից մեկն էլ այն է, որ կյանքը դժվարացել է, սոցիալական վիճակը մարդկանց մոտ գիրք կարդալու «հավես» չի թողել:

 

Դերասանագետ, Խոդիկյանի պրոդյուսեր Ռուբեն Փաշինյանը նշեց, որ գրքի հետ կապը երեխայի մոտ անհրաժեշտ է ստեղծել դեռ մանկուց: «Երբ երեխան վաճառքի հանված` հատակին շարված գրքեր է տեսնում, ապա նրա մոտ այդպիսի տպավորությունը կարծրանում է, այսինքն` նա հասկանում է, որ գիրքը պետք է վաճառվի մայթերին»,- ասաց նա:

 

Ի դեպ, հոկտեմբերի 21-ին Ռումինիայում տեղի է ունեցել Կ. Խոդիկյանի «Չկրակեք, ես արդեն սպանված եմ» պիեսի պրեմիերան: