կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-28 19:30
Հասարակություն

Տրանսպորտի նախարարն այցելել է Հյուսիս-հարավ մայրուղու Երևան-Արտաշատ հատված

Տրանսպորտի նախարարն այցելել է Հյուսիս-հարավ մայրուղու Երևան-Արտաշատ հատված

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 28-ին աշխատանքային այցով եղել է «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ հատվածում, որտեղ ընթանում են նոր ուղեանցերի կառուցման, գոյություն ունեցող  ուղեանցերի վերակառուցման աշխատանքներ։

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի  և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության  լրատվական ծառայությունից։ 

Նախարարը նախ ծանոթացել Մարմարաշեն համայնքի և Մասիս քաղաքի հատման հատվածում, ապա նաև՝ Բուրաստան համայնքի տարածքում կառուցվող   նոր վերգետնյա ուղեանցերի կառուցման աշխատանքներին: Նախարարն այնուհետև այցելել է Մասիս քաղաքի, Այնթապ,  Դիմիտրով, Ազատավան, Մասիս  գյուղական համայնքների  մոտ ընթացող շինաշխատանքների տեղամասեր, որտեղ վերականգնվում են վերգետնյա ուղեանցերը:

Տեղում ծանոթանալով կատարվող շինարարական աշխատանքներին` նախարարը դիտողություններ է արել առկա թերությունների վերաբերյալ և կոնկրետ հանձնարարականներ տվեց: Մասնավորապես, նա անդրադարձել է աշխատանքների որակին՝ հորդորելով,  որպեսզի դրանք իրականացվեն առավելագույն բարձր որակով և  ավարտվեն նախատեսված ժամկետներում:

«Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը  նախարարին վստահեցրել է, որ ուշացումներ, առավել ևս որակի հետ կապված խնդիրներ չեն լինի։

Այցի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև  շինարարական աշխատանքների անվտանգությունը պահպանելու նպատակով  շինարարական տեղամասերի հատվածներում ժամանակավոր երթևեկություն կազմակերպելուն՝ նկատելով, որ ճանապարհի որոշ հատվածներում երթևեկությունը կարգավորող նշանները քիչ են, ուստի անհրաժեշտ է  դրանք լրացնել:

«Անկախ տարվող աշխատանքներից՝ առաջնայինը մարդկանց անվտանգության խնդիրն է, ճանապարհի երթևեկելի հատվածները, որտեղ աշխատանքներ են ընթանում, պետք է հնարավորին անվտանգ ու հարմարավետ լինեն»,-նշել է նախարարը:

Շինարարության պատասխանատուները նախարարին հավաստիացրել են, որ մոտ օրերս, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, այդ խնդիրը կլուծվի։

Վահան Մարտիրոսյանը նաև հանձնարարել է,  որպեսզի  շինարարական աշխատանքների տեղամասերը գիշերային ժամերին լիարժեք լուսավորված լինեն:

Նշենք, որ ուղեանցի վերականգնման աշխատանքներ են կատարվում նաև  «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1-ի Երևան-Աշտարակ ճանապարհահատվածում: