|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում ԼՂ հակամարտության կողմերին կներկայացնեն գերիների վերաբերյալ առաջարկներ: Այս մասին ադրբեջանական Trend-ին հայտնել են Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ից՝ պատասխանելով ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «Բոլորին` բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման վերաբերյալ հայտարարության մասին հարցին:
ՌԴ ԱԳՆ-ից հիշեցրել են, որ 2010-ի հոկտեմբերին Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև ռազմական ոլորտում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի հարցն է քննարկվել:
«Այս նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների աջակցությամբ գերիների փոխանակման վերաբերյալ: Բաքուն և Երևանը պայմանավորվել են ապագայում առաջնորդվել այդ մոտեցմամբ` բացառապես ելնելով նման հարցերի մարդասիրական բնույթից: Ենթադրում ենք, որ այս պայմանավորվածությունը պահպանում է իր արդիականությունը: Գերիների փոխանակման հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են»,- հայտնել են ԱԳՆ-ից:
Նաև մանրամասնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերջերս կայացած հանդիպման ժամանակ պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հիմքով քայլեր ձեռնարկել գերիների հարազատներին նրանց մոտ թողնելու ուղղությամբ: «Համանախագահներն այդ առումով առաջարկներ են մշակել, որոնք տարածաշրջան այցի ժամանակ կփոխանցեն կողմերին»,- հայտնել են գերատեսչոթյունից: