կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-13 14:17
Իրավական

«Չերյոմուխա»-ի կրակոցների հարցում անպայման կունենանք առարկայական բացահայտում. Քոչարյանը` Մարտի 1-ի գործի մասին

«Չերյոմուխա»-ի կրակոցների հարցում անպայման կունենանք առարկայական բացահայտում. Քոչարյանը` Մարտի 1-ի գործի մասին

ԱԱԾ-ից փաստաթղթերի կորուստն արտառոց դեպք է. խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օրերս արած հայտարարությանը, թե ԱԱԾ-ից կարևոր փաստաթղթեր են կորել:

«Այդպիսի դեպք եղել է նաև 1990-ականներին: Վստահ եմ`գործընթացն անհետևանք չի մնա։ Կհայտնաբերվեն թե՛ իրականացնողները, թե՛ հնարավորության դեպքում փաստաթղթերի վերականգնման գործընթաց կգնա։ Իսկ թե ինչի՞ հետ առնչություն ունեն, չեմ կարող ասել: Հնարավոր է` Մարտի 1-ի հետ են կապված, հնարավոր է` այլ բաների: Բայց եթե դրանք անհետացել են, նշանակում է՝ մարդիկ կան, որոնք լուրջ անհանգստացել են ինչ-որ փաստաթղթերի գոյությամբ»,- ասաց նա։

Քոչարյանը նշեց նաև, որ հայտնի փաստ է` Մարտի 1-ի գործով շատ բաներ կեղծվել են, դրան մասնակից են եղել անվտանգության ծառայությունները: Նա ընդգծեց` ներքին գործերի նախարարությունն ազգային անվտանգության գործակալական հաղորդագրությունների հիման վրա էր 2008-ի մարտի 1-ի առավոտյան գործողություններ պլանավորել։

«Խոսքը ցուցարարների` զենք-զինամթերք ունենալու մասին է, որը հետագայում փորձեցին նույն փաստահավաք խմբից հեռու պահել, երբ մենք ուզեցինք այդ փաստաթղթերին ծանոթանալ: Գուցե նաև նման փաստաթղթեր են ոչնչացվել»,- շեշտեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով` այսօր մեկնարկած դատավարությանը, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Դատավարության ընթացքում հստակ կերևա, թե ինչ ապօրինի որոշումների արդյունքում էր, որ տեղի ունեցավ Մարտի 1-ը, և ունեցանք 10 զոհ։ Եթե նկատում եք՝ պաշտպանություն իրականացնող փաստաբանական խումբը շեշտը դնում է այն բանի վրա, որ եթե այս պահի դրությամբ չեք հայտնաբերել տասը սպանություններից որևէ մեկը, իրավունք չունեք Ռոբերտ Քոչարյանին կամ որևէ մեկին մեղադրանք առաջադրելու։ Ինչ վերաբերում է սպանությունների բացահայտմանը, որևէ մեկը կասկած չունենա, որ առնվազն «Չերյոմուխա»-ի կրակոցների հարցում անպայման կունենանք առարկայական բացահայտում»: