կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-27 22:33
Արցախ

Համաձայնագրի կնքումը բանակցություններին մասնակցելու իրավական հիմնավորում է. Դավիթ Իշխանյան

Համաձայնագրի կնքումը բանակցություններին մասնակցելու իրավական հիմնավորում է. Դավիթ Իշխանյան

Արցախի Հանրապետության խորհրդարանի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը փետրվարի 27-ին  կայացած Ազգային ժողովի նիստի ժամանակ հանդես է եկել պատգամավորական  հայտարարությամբ.

«Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում արդիական հարց է դարձել Արցախի ներգրավվածությունը արցախյան հիմնախնդրի լուծման բանակցություններում: Դեռեւս 2007 թվականի  Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններից հետո, երբ նախագահ ընտրվեց Բակո Սահակյանը, որպես հիմնախնդրի լուծման առավելագույն արդյունավետ երաշխիք Արցախի կողմից շեշտվել է բանակցություններին մասնակցելու անհրաժեշտության հարցը:

Այս օրերին քննարկումների արդյունքում պարզվում է, որ դեռեւս 1997 թ-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք է Արցախը դուրս դրվել բանակցություններին ուղղակի մասնակցության ձեւաչափից՝ բանակցությունները առավել արդյունավետ դարձնելու համար: Դեռեւս կան չբացահայտված էջեր, համոզված ենք եւ անհրաժեշտ ենք գտնում, որ հանրությանը թափանցիկորեն ներկայացվի այդ օրերին տեղի ունեցածը:

Այժմ, երբ ՀՀ իշխանությունների կողմից բանակցությունների սեղանին է դրված Արցախի մասնակցության հարցը անհրաժեշտ է, որպեսզի ձեւավորվի այդ բանացություններին մասնակցելու իրավական հիմնավորումները: Եվ դա հնարավոր է միայն ու միայն երկու հայկական հանրապետությունների միջեւ քաղաքական համաձայնագրի կնքման միջոցով:

Այդ համաձայնագրում պետք է ամրագրվի երկու հանրապետությունների իրավասություններն ու լիազորությունները միմիանց նկատմամբ, ինչպես նաեւ սահմանվի միջազգային ասպարեզում յուրաքանչյուրի ստանձնելիք դերն ու պարտավորությունը:

Մյուս կողմից վերը նշված համաձայնագիրը կլինի միասնականության վառ ապացույց եւ կարեւորագույն գործնական քայլ, ապացուցելու համար ՀՀ առաքելությունը, որպես հայ ժողովրդի իղձերի եւ տեսլականների իրակացման երաշխավոր եւ կռվան:

Եռամիասնությունը մեր ժողովրդի իղձերը իրականացնելու կարեւորագույն հենասյուներից մեկն է, իսկ դա իրականացնելու համար որպես գործնական առանցք պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետությունը, իսկ գաղափարական հենքը պետք է սերվի Արցախից՝ հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի մերօրյա դրոշակակրից: Ռազմաքաղաքական դաշինքը մի անգամ եւս գալու է ապացուցելու մեր ժողովրդի միասնական կամքն ու վճռականությունը»: